Լևոն Արոնյանը չհաղթեց մրցաշարի հետնապահին

լևոն35236Խանտի Մանսիյսկում կայացան շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի 6-րդ տուրի պարտիաները:

Թվում էր, թե սկզբնախաղից հետո սպիտակ ֆիգուրներով հանդես եկող Լևոն Արոնյանն առավելություն ունի և կհաղթի ռուսաստանցի Դմիտրի Անդրեյկինին: Այդուհանդերձ, նրա մրցակիցը կարողացավ խուսափել պարտությունից: Գրոսմայստերները կատարեցին 48 քայլ:

Հայ գրոսմայստերը 3,5 միավորով երկրորդ տեղում է: Առաջատարը` Հնդկաստանի ներկայացուցիչ Վիշվանաթհան Անանդն է, որը, սպիտակներով խաղաղ դաշն կնքելով ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ, միավորների իր պաշարը հասցրեց 4-ի: Պյոտր Սվիդլերը, Վլադիմիր Կրամնիկը, Վեսելին Տոպալովը, Շահրիար Մամեդյարովը 3-ական միավորով բաժանում են 3-6-րդ տեղերը: Կարյակինը վաստակել է 2,5, Անդրեյկինը՝ 2 միավոր:

Վաղը մրցաշարում հանգստյան օր է։

Մարտի 21-ին կայանալիք 7-րդ տուրում Արոնյանը սևերով կխաղա Կարյակինի հետ։

Կկայանան նաև Սվիդլեր – Անանդ, Կրամնիկ – Մամեդյարով, Անդրեյկին – Տոպալով մրցամարտերը:

Անկախ

Tags: , ,