Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը ելույթ ունեցավ Բեյրութի Սբ. Հովսեփ եկեղեցու դահլիճում

IMG_1392

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի

Հասարակայնության հետ կապերի բաժնից Անկախին հայտնեցին,որ

Մարտի 19–ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը ելույթ ունեցավ «Ալ Բուստան» փառատոնի շրջանակներում՝ Բեյրութի Սբ. Հովսեփ եկեղեցու լեփ-լեցուն դահլիճում:  Համերգը ղեկավարում էր դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն: Երեկոյի ընթացքում հնչեց Լյուդվիգ վան Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան, մենակատարներ՝  Յասկո Ֆուջի (սոպրանո), Կլարա Պրեսլենդ (մեցցո սոպրանո), Իրակլի Մուրջիկնելի (տենոր) եւ Սաշա Չանոյ (բաս):  Բեմում էին նաև Լիբանանյան կոնսերվատորիայի, Անտոնին և Նոտեր Դամ համալսարանների երգչախբմերը:

Մաեստրո Մարչիանոն,ով աշխատել է մի քանի աշխարհահռչակ նվագախմբերի հետ, ներառյալ Ջորջ Էնեսկու Ֆիլհարմոնիկը, բարձր գնահատեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի երաժիշտների պրոֆեսիոնալիզմը և շնորհակալություն հայտնեց նվագախմբին հիանալի աշխատանքի համար:

Սա երիտասարդականի առաջին համերգն էր «Ալ Բուստան» փառատոնի շրջանակներում: Առջևում դեռ սպասվում է երեք գեղեցիկ համերգ: Մարտի 21-ին Էմիլ Բուստանի համերգասրահում  Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կհնչեն Անտոնին Դվորժակի «Վայրի աղավնի»-ին, Ռոբերտ Շումանի «Թավջութակի կոնցերտը», մենակատար` Անտոնիո Մենեսես (թավջութակ) եւ Պյոտր Իլյիչ Չայկովսկու «Կարապի լիճը» սյուիտը:

Հիշեցնենք, որ  Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը  հրավեր է ստացել «Ալ Բուստան» միջազգային փառատոնից հանդես է գալու որպես փառատոնի պաշտոնական նվագախումբ: Համերգային ծրագիրը ներառում է դասական երաժշտության լավագույն օրինակներ, որոնք հանդիսատեսին կներկայացվեն համաշխարհային ճանաչում վայելող երաժիշտների մասնակցությամբ:

Նշենք, որ փառատոնին նվագախմբի մասնակցությունը իրական է դառնում գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցության շնորհիվ:

Անկախ

 

 

 

Tags: