«Ղրիմի հանրաքվեն անցկացվել է քաղաքացիների սահմանադրական իրավունքի և օրենքի խախտմամբ». Ուկրաինայի դեսպան

Իվան ԿուխտաՀայ-ուկրաինական հարաբերությունները բոլոր ուղղություններով շատ լավ զարգանում են և դեռ ավելի կլավանան: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան:

Դեսպանն անդրադարձավ ԱՊՀ կազմից դուրս գալու Ուկրաինայի հայտարարությանը` նկատելով, որ իմաստ չունի մնալ այն կառույցի կազմում, որը որևէ օգուտ չի բերում, մի կազմակերպություն, որտեղ հավաքվում են թեյ խմելու, ոչ մեկին պետք չէ: Դեսպանի խոսքով` ԱՊՀ երկրների նախարարները մինչ օրս չեն հավաքվել ու քննարկել Ուկրաինայի հարցը:
Անդրադառնալով Ղրիմի հանրաքվեին և Ուկրաինայի` այդ մտքի հետ համակերպվելու փաստին` Իվան Կուխտան այսպես պատասխանեց. «Ղրիմի հանրաքվեն անցկացվել է քաղաքացիների սահմանադրական իրավունքի և օրենքի խախտմամբ: Այս մասին է վկայում նաև միջազգային հանրությունը, միջազգային բոլոր կազմակերպությունները, բացառությամբ մի քանիսի: Եթե խախտվեր ձեր Սահմանադրական իրավունքը, կհամակերպվե՞իք»:
Դեսպանը ձեռնպահ մնաց գնահատական տալ Հայաստանի իշխանությունների՝ ուկրաինական իրադարձությունների արձագանքը մեկնաբանելուց, և հորդորեց դրա համար դիմել ՀՀ արտաքին գործերի նախարարի և Հայաստանի նախագահի լրատվական ծառայություն:
Այն դիտարկմանը, թե Ուկրաինան Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ է սահմանում, հնարավո՞ր է նույնն անի նաև Հայաստանի դեպքում, Իվան Կուխտան պատասխանեց. «Հայաստանի և Ուկրաինայի միջև վիզային ռեժիմ չկա, ռեժիմի սահմանումը հավանական չեմ համարում»:

Անկախ

Tags: , ,