Այս տարի արդեն ապօրինի ծառահատման 65 դեպք է գրանցվել. «Հայանտառ» ՊՈԱԿ

ծառհատումԱյսօր ամբողջ աշխարհում նշվում է անտառի միջազգային օրը: Օրվա առիթով այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը խոսեց Հայաստանի տարածքում գտնվող անտառներում տիրող իրավիճակի մասին:

Գլխավոր անտառապետի խոսքով` վերջին երկու տարվա ընթացքում 714 հեկտար անտառ է հիմնվել: Փոխարենը 2013 թվականի ընթացքում 928 ծառ է ապօրինի հատվել: 2012 թվականի համեմատ ապօրինի ծառահատումների թիվը նվազել է, 2012-ին դրանց թիվը կազմել է 1320:

«Անտառավերականգնման աշխատանքների նոր կարգ է ընդունվել: Բացի այդ` միջազգային կազմակերպությունների հետ համատեղ ծրագրեր ենք իրականացնում, կա համագործակցություն, սակայն դա էլ բավարար չէ, որ անտառները լիարժեք բարելավվեն»,- ասաց Ռուբեն Պետրոսյանը:

Ըստ գլխավոր անտառապետի` Հայաստանը գլոբալ խնդիրներ ունի անտառների հետ կապված, ինչը պայմանավորված չէ միայն ծառահատումներով: 1994 թվականին հաջորդած տարիներին ծառահատումների միտումը գնալով նվազել է ու այս առումով, ամեն տարի դրական առաջընթաց է արձանագրվում: Ամենաշատ անտառային հրդեհները եղել են 2010-ին Սյունիքի մարզում, սակայն վերջին շրջանում ձեռք բերված սարքավորումների շնորհիվ արդեն անտառներին հասցվող վնասները նվազել են, քանի որ կրակը շատ արագ մարվում է:

Հարցին` որքանո՞վ է գազի գնի թանկացումն անդրադարձել անտառների վրա, Ռուբեն Պետրոսյանը պատասխանեց. «Մենք գարնանային ստուգումները կանենք մայիսին, այս պահի դրությամբ 2014-ին 65 ապօրինի ծառահատման դեպք է գրանցվել, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեծ տարբերություն չկա»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է պետբյուջեից ֆինանսավորմանը, Ռուբեն Պետրոսյանը տեղեկացրեց, որ պետբյուջեից անցյալ տարի հատկացվել է 800 մլն դրամ, այս տարի` 900 մլն-ից ավելի և գնալով այս թիվն ավելանալու է, թեև այդ գումարը բավարար չէ անտառտնտեսության վերականգնման համար:

 

Tags: ,