ԼՂՀ վարչապետ. «Արցախն ավելի շահավետ վիճակում է, քան Ղրիմը, Աբխազիան եւ Հվ. Օսիան, Կոսովոն»

Արա Հարությունյան«Մենք շարունակում ենք աշխատանքները, քաղաքական կոնսուլտացիաները Արցախի ճանաչման ուղղությամբ: Ժամանակը կգա եւ միջազգային հանրությունը կճանաչի եւ Արցախի ինքնորոշումը, եւ նրա անկախ պետականությունը»,- այս մասին հայտարարել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը Շահումյանի շրջանի Նոր Գետաշեն գյուղում պատասխանելով գյուղացիների այն հարցերին, թե ինչու Ղրիմը կարող է հանրաքվեով միանալ Ռուսաստանին, իսկ ԼՂՀ-ում անցկացված հանրաքվեի արդյունքները չեն ճանաչվում, եւ ի՞նչ է արվում այդ ուղղությամբ: «Մենք ողջունում ենք բոլորի ինքնորոշումը: Կարճաժամկետ տիրույթում ճանաչումը գուցե ավելի կարեւոր է մյուսների համար, բայց Արցախի ընտրած ճանապարհն ավելի ճիշտ է,-ասել է Արա Հարությունյանը: Այս փուլում, ըստ ԼՂՀ վարչապետի, ճանաչել-չճանաչելու հարցն այնքան էլ կարեւոր չէ, առավել կարեւոր է «ճիշտ պետական շինարարությունը, ճիշտ երկիր կառուցելը»:

ԼՂՀ վարչապետը կարծում է, որ Արցախն ավելի շահավետ վիճակում է, քան Ղրիմը, Աբխազիան եւ Հվ. Օսիան, Կոսովոն: «Ստանդարտները երկակի չեն, բազմակի են, եւ դա շահեկան վիճակում է դնում Արցախին: Պետք է մտածենք մեր երկրի զարգացման մասին»,-ասել է Արա Հարությունյանը լրացնելով.-«Այսօր ամենակարեւոր գործոնը ուժի գործոնն է: Արցախի այսօրվա ստատուս-քվոն եւ զարգացումները պայմանավորված են բանակի մարտունակությամբ եւ երկրի տնտեսական զարգացմամբ: Պետք է շարունակել այդ ուղղությամբ արդյունք տալ, ունենալ ժողովրդագրական դրական պատկեր, երկրի զարգացում ապահովել: Մեր հարցի քաղաքական լուծումը կախված է լինելու դրանից»։

 Անկախ

Tags: ,