«Ինձ թվում է` լավ երգն այս տարի կհաղթի, անակնկալներ չեն լինի». Արամ MP3

MHM86351 copy«Եվրատեսիլ-2014» միջազգային երգի մրցույթին Արամ MP3-ի «Not alone» երգը մեծ շանսեր ունի հաղթելու: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը` նշելով, որ հաղթանակի շունչը զգացել է ոչ միայն youtube-ում դիտումների քանակից, բուքմեյքերական ընկերությունների վարկանիշներից, այլ եվրոպացիների վերաբերմունքից։

«Եզակի տարիներից մեկն է, որ քիչ, թե շատ զգում ենք հաղթանակի շունչը` չնայած դեռ շատ աշխատանքներ կան անելու։

Արամ MP3-ի ցանկությունն է բարձր հորիզոնականներ գրավել: «Ելնելով վարկանիշային գործակիցներից, յութուբյան դիտումներից ու արձագանքներից, ինձ թվում է, առաջին հնգյակում կհայտնվենք»,- ասաց նա։

Արամ MP3-ին իր հիմնական մրցակիցն է համարում Հունգարիային, որի մասնակցի ձայնն իրեն դուր է եկել։
Անդրադառնալով երգի ոչ ստանդարտ կառուցվածքին, նշեց, որ իրենք առաջինը չեն, որ նման ոճի երգ են ստեղծել։ «Կան համաշխարհային շատ հիթեր, որ նման կառուցվածք ունեն, ունեն սկիզբ, զարգացում, զարգացման լուծում և ավարտ, եթե խոսքը գնա պարային երգի մասին, ապա պետք է լիներ տուն, կրկներգ, տուն ու նորից կրկներգ։ Մեր դեպքում երգը հանգիստ է, բռնկվում է, հետո կրկին հանգստանում է։ Մեր հերոսները մեղադրում են իրար, հետո՝ իրենք իրենց, հետո արդեն գիտակցում, թե ինչն է թանկ իրենց համար»,- ասաց երգիչը` հավելելով, որ արձագանքները ցույց են տալիս, որ չեն սխալվել։

Երգիչը համամիտ չէ նաև այն մտքի հետ, որ երգում բացակայում են հայկական տարրերը: Նրա խոսքով` երգի սկզբնամասում՝ դաշնամուրային հատվածում, հայկական ժողովրդական երաժշտությանը մոտ տարրեր  կան։ Մի փոքր հայկական ակցենտ կա։

Արամ MP3-ի խոսքով` մրցույթին գերակշռում են բալլադային երգերը, իսկ քաղաքականության շրջանակներում չի ուզում կանխատեսումներ անել։ «Եկեք չքաղաքականացնենք։ Ինձ թվում է` լավ երգն  այս տարի կհաղթի, անակնկալներ չեն լինի»,- ասաց երգիչը։
Իսկ թե ի՞նչ կտեսնի հանդիսատեսը բեմի վրա, նրանց երկրորդ անակնկալն է։ Երգիչը միայն նշեց, որ բեք-վոկալ չի լինելու, քանի որ նախ տեղ չկա, հետո էլ ինքը մենակ է ուզում ցույց տալ իր ողջ հնարավորությունները։

Հիշեցնենք, որ մրցույթի կիսաեզրափակիչ փուլերն այս տարի կկայանան մայիսի 6-ին և 8-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 10-ին Կոպենհագենում։