Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Հայկազուն Ալվրցյանի դիտարկմամբ` ներկայումս ասպարեզում եղած բոլոր հարցերը սերտորեն առնչվում են Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի հետ: Իսկ մենք ասպարեզում ունենք հայ-թուրքական արձանագրությունները, որոնց վերաբերյալ հենց միայն Հայաստանում երկու կարծիք կա՝ դրական և բացասական:
Նրա խոսքով` հատկանշական է, որ Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի նախաշեմին այդ չարաբաստիկ արձանագրություններն օգտագործվելու են Հայաստանի դեմ: Թուրքիան հայտարարելու է, որ Հայաստանը ստորագրել է մի փաստաթուղթ, որը կասկածի տակ է դնում Ցեղասպանության պատմական ճշմարտությունը:
«Ահա թե ինչու, պետք է պահանջել իշխանություններից՝ հետ կանչել այդ փաստաթղթերը: Իշխանությունները բազմիցս համոզված լինելով, որ այդ արձանագրությունները սպառել են իրենց, միևնույն է՝ հետ չեն կանչում դրանք»,- ասաց Հայկազուն Ալվրցյանը:
Անդրադառնալով Թուրքիայում առաջիկայում կայանալիք ՏԻՄ ընտրություններին՝ Հայկազուն Ալվրցյանը նշեց, որ ցուցակներում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների ներառմամբ այդ երկիրը ցույց է տալու աշխարհին, որ հանդուրժողաբար է տրամադրված նրանց նկատմամբ:
«Հատկանշականն այն է, որ առաջադրված հայ թեկնածուների շարքում երկուսն աչքի են ընկնում թուրք-ազգայնական հայացքներով»,- ասաց Հայկազուն Ալվրցյանը:
Անդրադառնալով Արևմուտք-Ռուսաստան առճակատմանը՝ բանախոսը համոզմունք հայտնեց, որ հակառուսական պայքարում Թուրքիայի դերը բարձրանալու է, սակայն ակնհայտ է, որ տարածաշրջանում բարձրանում է նաև Հայաստանի դերը:
