«Թվիթեր-մվիթեր, բոլորը արմատախիլ կանենք, ինձ չի հետաքրքրում աշխարհի կարծիքը». Էրդողան

ԷրդողանԹուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը երեկ Բուրսայում կայացած նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է. «Թվիթեր-մվիթեր, բոլորը արմատախիլ կանենք, ինձ չի հետաքրքրում աշխարհի կարծիքը: Բոլորը կտեսնեն Թուրքիայի Հանրապետության հզորությունը»: Այս խոսքերից հաշված ժամեր անց Թուրքիայում արգելափակվել է աշխարհում ամենաշատ օգտատեր ունեցող սոցիալական ցանցերից մեկը: Էրդողանի խոսքով՝ «Թվիթերը»-ը ոչ մի կապ չունի ազատության հետ: «Ազատությունը ինչ-որ մեկի անձնական տարածություն մտնելը չէ: Ազատությունը չի նշանակում, որ այդ կայքերի միջոցով կարելի է աշխարհով մեկ տարածել պետական գաղտնիքները»,-նշել է Էրդողանը:

«Թվիեթր»-ի արգելափակումից րոպեներ անց սոցիալական մեդիան հեղեղվել է հազարավոր մեկնաբանություններով, հակակառավարական արտահայտություններով, պայքարի դուրս գալու կոչերով: Սրան հետևել է համաշխարհային հանրության խիստ արձագանքը: Մասնավորապես ԱՄՆ-ի ԱԳ նախարարության խոսնակը հայտարարել է, որ իրենք բավականին անհանգստացած են սոցիալական կայքի փակման պատճառով: Եվրահանձնաժողովի թվային ռազմավարության գծով պատասխանատու Նելլի Քրոսն իր հերթին հայտարարել է. «Թուրքիայում «Թվիեթր»-ի արգելափակումն անտեղի, անիմաստ և փոքրոգի քայլ է: Թուրք ժողովուրդն ու միջազգային հանրությունը սա կդիտարկի որպես գրաքննություն»:

Erdogan-and-TwitterԱյսպիսով Թայիփ Էրդողանը ՏԻՄ ընտրություններից հաշված օրեր առաջ գնում է վտանգավոր քայլերի: Նրա կատարած քայլը այսօր թերևս ամենաքննարկվողն է դարձել: Էրդողանը կրկին հայտնվել է համաշխարհային ամենաառաջատար լրատվամիջոցների առաջին էջերին՝ որպես բռնապետ: Թուրքիայում արդեն նյութեր են հրապարակվում, թե ինչպես կարելի է շրջանցել արգելքը և այնուամենայնիվ փորձել մտնել կայք:

Նշենք, որ աշխարհում ամենահայտնի սոցիալական կայքերից մեկը` «Թվիեթր»-ը, որն ընդհանուր առմամբ ունի 250 մլն օգտատեր, իսկ Թուրքիայում 12 մլն, արգելված է միայն Չինաստանում: Այս կայքն արգելվեց նաև Իրանում 2009 թվականի նախագահական ընտրություններից առաջ, սակայն 2013 թվականի սեպտեմբերին կրկին բացվեց: Կայքը կարճ ժամանակով արգելափակվել է նաև Եգիպտոսում Մուբարաքի դեմ ցույցերի ժամանակ:

Անկախ

Tags: , ,