«ԴԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամներն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեցին, որ վաղվա հավաք-երքի ժամանակ ելույթ կունենան նաև ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և «Նախախորհրդարանի» քարտուղարության անդամ Ժիրայր Սեֆիլյանը։ Հավաք-երթին կմասնակցեն նաև ոչ իշխանական չորս խմբակցությունները, որոնցից մեկական անդամ հանդես կգա ելույթով։
«Մարտի 22-ին հնարավորինս մեծ կոնսոլիդացիա է տեղի ունենալու, քանի որ նույն հարթակի վրա են հավաքվելու հանրության լայն շերտերը։ Հանրային դեմք էլ է ելույթ ունենալու, հավանաբար, դերասան Աշոտ Ադամյանը»,- ասաց նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը։
Նրա խոսքով` եթե Սահմանադրական դատարանը «կուտակայինի» մասին օրենքը սահմանադրական ճանաչի, կնշանակի` սպառվել են ինստիտուցիոնալ հարթակով հարցը լուծելու ճանապարհները։
«Մեզ մնալու է փողոցային պայքարի ճանապարհը։ Ինչ էլ անենք, անելու ենք օրենքի շրջանակներում։ Հնարավոր է, որ բոլորս մեր գումարները կանխիկացնենք բանկերից»,-ասաց Դավիթ Մանուկյանը։
Նախաձեռնության անդամ Գևորգ Գորգիսյանն էլ անդրադառնալով վարչապետի արած համագործակցության առաջարկին` նշեց, որ իրենք չեն պատրաստվում այս ընթացքում զիջումների գնալ: «Եթե անգամ դա փայլուն օրենք է, բայց հանրության կողմից չի ընդունվում, հաջողությամբ չի պսակվի։ Այնպես որ, քննարկումների գնալ չենք պատրաստվում»,- ասաց նա։
Հարցին` ինչո՞ւ են հենց Ժիրայր Սեֆիլյանն ու Նիկոլ Փաշինյանը հրավիրված հավաքին, Դավիթ Մանուկյանը պատասխանեց. «Ժիրայր Սեֆիլյանը մարմնավորում է պայքարի մարտիկին, բացի այդ, նա այս շարժման ընթացքում մեզ ամեն ինչով աջակցել է։ Նիկոլ Փաշինյանն էլ շատ լավ հռետոր է, և օրենքի վերաբերյալ ևս ասելիք ունի»։
Այն դիտարկմանը, թե հավաքին քաղաքական դեմքերի մասնակցությունը շարժման քաղաքականացման մասին չի խոսում, նախաձեռնության ներկայացուցիչները այսպես արձագանքեցին. «Մեզ ընդհանրապես չի մտահոգում, թե ինչ են խոսում, քաղաքականացվա՞ծ է շարժումը, թե՝ ոչ, մեզ համար կարևորն այն է, որ հարթակից հնչեն տարբեր մարդկանց կարծիքներ նույն մտահոգիչ հարցի շուրջ։ Վաղը «Մայդան» չենք ունենալու, բոլոր նրանք, ովքեր «Մայդան» են սպասում, կհիասթափվեն»,-ասաց Դավիթ Մանուկյանը՝ ընդգծելով, որ «Մայդան» ունենալ չեն ցանկանում, քանի որ իրենք պայքարում են կոնկրետ օրենքի դեմ, և իրենց քայլերով արդեն ցույց են տվել, որ «Մայդանի« ճանապարհով չեն էլ ուզում գնալ:
