Սերժ Սարգսյանը հանձնարարել է Արագածոտնի բնակիչներին հայտնել ՀԷԿ-ի շինաշխատանքների դադարեցման մասին

mhm86308-copyՀՀ տարածքային կառավարման նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ Կարբի և Օհանավան համայնքների բնակիչների հետ հանդիպման ժամանակ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը տեղեկացրել է, որ ՀՀ Արագածոտնի մարզում Արզնի-Շամիրամ արագահոս դոտացիոն ջրատարի վրա շինաշխատանքները կկասեցվեն: Արագածոտնի մարզպետը գյուղացիներին տեղեկացրել է, որ Կառավարությունը խրախուսելու է համայնքային զարգացման միայն այն ծրագրերը, որոնք գյուղատնտեսությամբ զբաղվելու հարցում խոչընդոտներ չեն ստեղծում, ուստի, հաշվի առնելով ծրագրի արդյունավետության վերաբերյալ բնակիչների մտահոգությունները, որոշվել է կասեցնել արագահոս դոտացիոն ջրատարի վրա շինարարական աշխատանքները»,- ասել է Արագածոտնի մարզպետը:

Հիշեցնենք,որ «Գահա էներջի» ընկերությունը Արագածոտնի մարզի Արզնի-Շամիրամ դոտացիոն ջրանցքի վրա նախատեսում է կառուցել «Շամիրամ-1» փոքր ՀԷԿ-ը: Արագածոտնի մարզի մի շարք գյուղերի բնակիչներ վստահ են, որ ոչ թե ջրանցքն է վերակառուցվում, այլ ՓՀԷԿ է կառուցվում, ինչի արդյունքում իրենք ջուր չեն ունենա հողագործությամբ զբաղվելու համար: Մարտի 19-ին Արագածոտնի 7 համայնքների գյուղացիները փակել էին Ապարան-Երևան ավտոճանապարհը` պահանջելով դադարեցնել շինարարությունը: Բնակիչների հետ բանակցելու էր եկել ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը:

Նույն աղբյուրի համաձայն` հանդիպման արդյունքները ներկայացվել են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, ինչից հետո նախագահի հանձնարարել է բնակիչներին հայտնել շինաշխատանքների դադարեցման մասին:

Միաժամանակ ՀՀ Նախագահը փոխվարչապետին հանձնարարել է համապատասխան աշխատանքներ իրականացնել տարածաշրջանի համայնքների ղեկավարների հետ` ոռոգման համակարգին առնչվող մտահոգությունները քննարկելու և համապատասխան լուծումներ առաջարկելու համար:

Ապարանի ջրամբարի ջրային ռեսուրսների կառավարման ընթացակարգերն ուսումնասիրելու և դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար կստեղծվի հանձնաժողով:

 Անկախ

Tags: , ,