Ուշադրություն, Իջևան-Գանձաքար-Իծաքար ճանապարհը փակ է: Գանձաքար գյուղից
վերև`ճանապարհի 8-րդ կիլոմետրում իրականացվում են ճանապարհի լայանացման և բարեկարգման աշխատանքներ: Այդ նպատակով ճանապարհաշինարարները կատարել են պայթեցումներ, սարամիջյան ճանապարհի զգալի հատվածն այժմ ամբողջությամբ
քարուքանդ է, վտանգավոր` երթևեկության համար: Պայթեցված հատվածից մեծ ժայռաբեկորներ են գլորվել, հասել մինչև ներքևի ոլորան` լուրջ վտանգ ստեղծելով երթևեկության համար: Ճանապարհը փակ է, սակայն այդ մասին որևէ ցուցանակ կամ զգուշացում չկա: Վարորդները մի կերպ բարձրանում են դժվարանցանելի, գրունտային այդ ճանապարհի զգալի հատվածը` տեսնելով, որ անհնար է շարունակել ճանապարհը, կրկին վերադառնում են: ՙՙՄենք ոչ Քրիստոսն ենք, ոչ էլ մարգարե, չենք կարող ասել` ինչ կլինի, բայց մենք այստեղ ենք , որ ձեր կյանքի անվտանգությունը ապահովենք, որ ասենք մի գնացեք, բարձրացեք վերև, տեսեք կարող եք անցնեք, բայց դե ավելի ապահով ա, որ հետ գանք՚՚,-ասաց ճանպարհաշինարարներից մեկը: Նշեմ, որ այս ճանապարհը հատկապես
պահանջված է 2013-ի հոկտեմբերից հետո, երբ գնդակոծվեց Պառավաքար-Վազաշեն ճանապարհը` դառնալով վտանգավոր: Ճանապարհը շրջանցելու և Ճամբարակ-Բերդ ճանապարհ դուրս գալու համար Բերդ գնացողները կրկին պետք է Իջևանից ևս 50-60 կմ հետ գան Սևանի խճուղի: Սակայն երթևեկողները նախընտրում են Պառավաքար-Վազաշեն ճանապարհը, որն ավելի մոտ է, բայց միաժամանկ շատ վտանգավոր:
