«Այս շարժումը ազնիվ պայքարողների վկայությունն է». Ժիրայր Սեֆիլյան

“Dem Em” civil initiative held a rally on Freedom Square«Եթե 20-25 տարի առաջ մեր սերունդն իր առջև նպատակ դրեց ազատագրել Արցախը, ապա հիմա նոր սերունդն իր առջև նպատակ է դրել ազատագրել Երևանն ու Հայաստանը»: «ԴԵՄ եմ» նախաձեռնության հավաք-երթի ժամանակ իր ելույթում նշեց «Նախախորհրդարանի» քարտուղարության անդամ Ժիրայր Սեֆիլյանը:

Նրա խոսքով` նոր սերունդը 21-րդ դարի ամենախոստումնալից խավն է, հենց նոր սերունդը պետք է ապահովի մեր երկրի թռիչքային զարգացումը:

«Այս շարժումն իր առաջ լոկ նյութական կորսուտների կանխման խնդիր չի դրել, այլ առաջին հերթին արժանապատվության խնդիր, ինչը բոլորիս դուրս է բերել փողոց: Վստահ եմ, որ դուք ունակ եք ձեր կամքը թելադրել հակառակորդին: Եղեք համառ և վճռական: Շատերը կարող են չհամաձայնվել հակառակորդ անվան հետ, սակայն ես կարևորում եմ այս ռեժիմի պարագլուխների ճշգրիտ գնահատման հանգամանքը: Այո’, նրանք պետական այրեր չեն, նրանց հետ պետք է վերաբերվել ընդամենը որպես օկուպանտի հոգեբանությամբ ադմինիստրացիայի»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը:

Նա նկատեց, որ այս օրերին շատ հուսահատական խոսքեր են հնչում այն մասին, թե մեր երկրում այլևս ազնիվ պայքարողներ չեն մնացել: Նրա խոսքով՝ ազնիվ պայքարողների վկայությունն է հենց այս շարժումը:

«Բոլորովին վերջերս ականատես եղանք Արագածոտնի մարզի յոթ համայնքների մեր քաղաքացիների պայքարին, ևս մեկ ապացույց այն բանի, որ հայերի մեջ չի անհետացել պայքարի կամքը»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը:

Ապա անդրադառնալով արտաքին մարտահրավերներին` նշեց, որ պահը լուրջ է, հերթական անգամ հայտնվել են ստրկամիտ գործիչներ, որոնք պարտադրում են մեզ հրաժարվել ինքնիշխանությունից և շուտափույթ ՌԴ-ին հանձնվել: Ինչը մեզ հիշեցնում է անցյալ դարաշրջանի անցուդարձները` ցույց տալով, որ պատմությունը կրկնվում է:

« Նման պնդումները սին են, պատմությունը միշտ չէ, որ կրկնվում է, ավելին, ես համոզված եմ, որ այն չի կրկնվի, քանի որ մեր պատմության կերտողը մենք ենք, մեր ինքնիշխանությունը ոչ մի կայսրության չենք զիջելու»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը

Tags: ,