«Այս պայքարն անխուսափելիորեն կպսակվի հաղթանակով». Նիկոլ Փաշինյան

“Dem Em” civil initiative held a rally on Freedom SquareՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «ԴԵՄ եմ» նախաձեռնության հավաք-երթի իր ելույթում նշեց, որ ժողովուրդը բարձրագույն իշխանության բացարձակ կրողն է, հանրության 80 տոկոսը կարող է ընտրել նախագահ և խորհրդարան, կարող է փոփոխություններ մտցնել Սահմանադրության մեջ և, ընդհանրապես, ժողովուրդը երկրի ճակատագիրը որոշելու լեգիտիմ սահմանադրական իրավունք ունի: Ժողովուրդը ՀՀ պետականության կրողն է:

«Ովքե՞ր են նրանք, որ, իմանալով որ ժողովրդի 80 տոկոսը դեմ է այս օրենքին, հանդգնում են հայտարարել, որ միևնույնն է, կյանքի են կոչելու այդ որոշումը: Պարոնայք Սարգսյաններ, դուք ձեր վիճակը վերագնահատելու կարիք ունեք, կարիք ունենք հասկանալու, թե ովքե՞ր եք և ի՞նչ կարգավիճակ ունեք և ովքեր են այն մարդիկ, ովքեր հիմա կանգնած են Ազատության հրապարակում: Այսպես կոչված քաղաքական էլիտայի 20 տոկոսը իր կամքն է թելադրում ժողովրդի 80 տոկոսին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

«ԴԵՄ եմ» քաղաքացիական շարժումը Նիկոլ Փաշինյանի ընկալմամբ` չի պայքարում միայն 5, 10 կամ 50 հազար դրամի համար: Սա պայքար է հանուն հանրության 80 տոկոսի իրավունքի: Այս պայքարն անխուսափելիորեն կպսակվի հաղթանակով:

«Թե երբ, ինչպես, ինչ պայմաններում, ցույց կտա ժամանակը: Իշխանությունը չի կարողանում ժողովրդին համոզել, որ կուտակայինը արդարացված որոշում է: Սերժ Սարգսյանի գլխավոր փաստարկն այն է, որ Հայաստանին հարկավոր են երկար և էժան փողեր տնտեսության մեջ դնելու համար: Պարոնայք իշխանավորներ, դուք սխալ տեղ եք փողեր փնտրում, որովհետև թալանված ժողովուրդը փող չունի, այլևս հեռու մնացեք նրա գրպանից, երկար փողեր եք ուզում, դիմեք ներկա ու նախկին կոռումպացված պաշտոնյաներին և օլիգարխներին» ,-ասաց Փաշինյանը:

Tags: ,