Այսօր մեկնարկեց Ազգային ժողովի հինգերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի հերթական քառօրյա աշխատանքը, որին մասնակցում է 117 պատգամավոր:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը բարձրացրեց Թուրքիայի կողմից Սիրիայի հայաբնակ տարածքներում` Քեսաբում և հասրակից բնակավայրերում, տեղի ունեցած ռազմական գործողություններին և հայերի տեղահանմանը որևէ կերպ արձագանքելու հարցը. «Մեր այդտեղի բնակչությունը, փաստորեն, հարյուր տարին դեռ չբոլորած, երկրորդ անգամ է տեղահան լինում, և եթե 1915թ. Հայաստան պետություն չկար, որ միջամտեր, ապա հիմա կա»,-ասաց պատգամավորը` հարցնելով ԱԺ նախագահին, թե ինչ քայլեր է նա նախատեսում այդ առնչությամբ,-միգուցե արտաքին գործերի նախարարության հետ համատեղ քննարկում կազմակերպենք, հանդես գանք համատեղ հայտարարությամբ, ամեն դեպքում, պետք է այս քառօրյան օգտագործենք որևէ ձևով արձագանքելու այդ իրադարձություններին»:
Հովիկ Աբրահամյանն ասաց, որ կիսում է պատգամավորի մտահոգությունը, բայց ինչ վերաբերում է Ազգային ժողովի կողմից որոշակի գործողություններ իրականացնելուն, ապա նա դրանք ավելորդ է համարում: Ամենաարդյունավետը, ըստ Աժ նախագահի, կլինի արտգործնախարարին կամ ԱԳՆ որևէ ներկայացուցչի խորհրդարան հրավիրելը, որն էլ կփորձի ներկայացնել, թե իրականում ինչ է տեղի ունենում Սիրիայում: «Մենք իրավասու չենք միջամտելու ուրիշ երկրի գործերին»,-ասաց Աբրահամյանը` միաժամանակ նշելով, որ կարելի է արտգործնախարարության հետ համատեղ լսումներ կազմակերպել:
Tags: Սիրիա, Սիրիայի հայաբնակ տարածքներ, Քեսապի դեպքեր
