Չաշխատող մայրերին նպաստ տալու հարցը մինչև 2015 թ. չի քննարկվի. ԲՀԿ նախագիծը մերժվեց

ԲՀԿ խմբակցությունԱյսօր խորհրդարանում քվեարկության դրվեց և 45 կողմ, 69 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ մերժվեց ԲՀԿ-ական մի խումբ պատգամավորների ներկայացրած «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը քառօրյայի օրակարգ մտցնելու հարցը:

Մինչ այդ նախագծի համահեղինակ, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հորդորեց կողմ քվեարկել նախագծին` հիշեցնելով, որ այն վերաբերում է նաև չաշխատող մայրերին ևս նպաստ տալուն, որոնք մինչև երկու տարեկան երեխաների խնամքով են զբաղված:

«Մեծ-մեծ խոսելով չի, որ մենք սոցիալական ողջ փաթեթը ողջ ծավալով ներկայացնում ենք»,-ասաց Զոհրաբյանը,-եթե աշխատող մայրերը ստանում են մինչև երկու տարեկան երեխաների համար նպաստը, ապա այն մայրերը, որ աշխատող չեն, առավել ևս կարիք ունեն այդ նպաստին»:

Նշենք, որ ԱԺ գլխադասային` սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել նախագծին: Հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանն առաջարկեց հետաձգել օրենքի նախագծի քննարկումը` նշելով, որ արդեն երկու տարի է` ՕԵԿ խմբակցության կողմից ներկայացվել է համանման մի նախագիծ:

Բացի այդ, Հակոբյանը պարզաբանեց, որ այս նախագիծը չի նախատեսում չաշխատող մորը երեխայի նպաստ տալուն, այլ վերաբերում է «աշխատող մոր ծրագրի անվան տակ չաշխատող մորը փող տալուն»: «Մենք խնդիր ունենք` ո՞ր մորը փող տալ` աղքա՞տ ընտանիքի մորը, թե՞ հարուստ, աշխատո՞ղ, թե՞ չաշխատող»,-ասաց Հակոբյանը:

ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանի խոսքով` արդեն երկու տարուց ավելի է` իրենց կողմից համանման օրենքի նախագիծ է ներկայացվել, որը կառավարությունը չի մերժել, սակայն առաջարկել է քննարկել 2015 թվականին: «Այո, բոլոր մայրերը, անկախ նրանից, աշխատում են, թե ոչ, պետք է ստանան միանվագ նպաստ»,-հավելեց Մարգարյանը` առաջարկելով ԲՀԿ-ական գործընկերներին հետաձգել նախագծի քննարկունը, համադրել իրենց նախագծի հետ և միասին քննարկելուց հետո ներկայացնել:

Հովհաննես Մարգարյանի առաջարկը շատ դուր եկավ Հովիկ Աբրահամյանին. «Տիկին Զոհրաբյան, բայց ես չհասկացա, ինչի՞ չեք համաձայնում: Նորմալ առաջարկ է ներկայացնում պարոն Մարգարյանը»:

Քվեարկությունից հետո ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ եթե անգամ կար այլընտրանքային նախագիծ, պետք չէր մերժել ԲՀԿ-ի նախագիծը. «Ցանկացած նախագիծ, որպեսզի այլընտրանքային դիտվի, անհրաժեշտ է, որպեսզի ներառվի օրակարգում: Կարող էր երկուսն էլ քննարկվեր»,-ասաց նա:

 

Անկախ

Tags: , , ,