«Սառը պատերազմն ավարտվել է վաղուց, սկսվել է պատերազմը». Քաղաքական վերլուծաբան

մանվել սարգսյանՌազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի գիտական մասի տնօրեն, քաղաքական վերլուծաբան Մանվել Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ վերլուծելով աշխարհաքաղաքական զարգացումների տրամաբանությունը, նկատեց, որ սառը պատերազմն ավարտվել է վաղուց, սկսվել է պատերազմը:
Վերլուծաբանի խոսքով` վերջին օրերին բոլոր գործընթացներին փորձ են անում նայել սառը պատերազմի տեսանկյունից, անընդհատ խոսվում է, որ նոր սառը պատերազմ է սկսվում, սակայն սառը պատերազմն այն կայուն համակարգն է, որը ստեղծվել է երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ կանոնավորվել են հարաբերությունները, ստեղծվել է ԵԱՀԿ-ն, հստակեցվել են այն բոլոր խնդիրները, որոնք այս ընթացքում եղել են:
«50 տարի խաղաղ ապրում էինք հարկադրված գաղափարական պատերազմի մեջ, բայց դա եղել է կայուն շրջան, դա է սառը պատերազմը: 1989-ին, երբ բեռլինյան պատը քանդվեց, բոլորն ասացին ու ճիշտ ասացին, որ սառը պատերազմն ավարտվել է, բայց մարդիկ մինչև հիմա խոսում են սառը պետարազմի մասին: Արդեն իսկ այդ կարգը չէր համոզում աշխարհի երկրներին, չէր կարողանում պաշտպանել անվտանգությունը, կայունությունը, զարգացումը»,- ասաց Մանվել Սարգսյանը:
Վերլուծաբանը նկատեց, որ առանց մի կրակոցի Ռուսաստանը վերցրեց Ղրիմը, ինչը լրիվ նոր մեթոդ է:

«Տեսանք, որ Ղրիմում բանակը չի կրակում, բայց լուրջ գործողություններ է իրականացնում: Ուկրաինական բանակի մի մասը հանգիստ դուրս եկավ Ղրիմից, մի մասն էլ հանգիստ այլ պետության դրոշներ վերցրեց: Ո՞վ էր նման բան տեսել: Չենք տեսել, որովհետև նոր գործընթացներ են, և հին գնահատականներով դրանք բնորոշել հնարավոր չէ», ասաց Մանվել Սարգսյանը` հավելելով, որ պետք է հասկանալ, թե ո՞ւր են տանում այս գործընթացները:

Ըստ վերլուծաբանի` 21-րդ դարում զենքով հնարավոր չէ խնդիր լուծել, խնդիրները լուծվում են ժողովրդավարական ճանապարհով: «Մենք տեսնում ենք հզոր գործոն: Եթե ժողովուրդը հստակեցրել է իր իրավունքը և պատրաստ է պայքարել կամ պայքարում է այդ իրավունքի ճանաչման համար, դա ինքնորոշում է, այն, ինչ Ռուսաստանի նախագահը որպես դրոշ է օգտագործում»,- ասաց Մանվել Սարգսյանը:

Tags: ,