«Կուտակային համակարգը առանց պարտադիր բաղադրիչի կկորցնի իր ողջ նպատակը». Գագիկ Մինասյան

Գագիկ ՄինասյանՄարտի 28-ին Սահմանադրական Դատարանում կքննարկվի պարտադիր կուտակային կենսաթոշակային պարտադիր համակարգի մասին օրենքի սահմանադրականության հարցը:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանը նշեց, որ կուտակային համակարգը առանց պարտադիր բաղադրիչի կկորցնի իր ողջ նպատակը, իսկ նպատակն է` լուծել ծերության կենսաթոշակի հարցը մեր երկրում: Գագիկ Մինասյանն օրինաչափ է համարում օրենքի շուրջ առաջացած հանրության դժգոհությունը, քանի որ նման բարդ օրենքները բոլոր երկներում էլ բարդ գործընթացներ են ենթադրում: Ըստ Գագիկ Մինասյանի` համակարգի դեմ դժգոհություններն ավելի շատ պայմանավորված են ոչ թե կառավարության, այլ պետության նկատմամբ անվստահությամբ, երբ հայրերը վստահ չեն, որ իրենց որդիները ապրելու են այն նույն տեղում, որտեղ իրենք են ապրում:
«Պետք է փայփայել «ԴԵՄ եմ» շարժումը, քանի որ այն վերջին տարիներին մեր քաղաքացիական հասարակության ամենակարևոր շարժումներից է»,- ասաց Գագիկ Մինասյանը:

Անդրադառնալով չորս ոչ իշխանական ուժերի համախմբման գործընթացին`պատգամավորը նկատեց, որ ընդդիմադիր և իրենց ոչ իշխանական համարող ուժերը փորձել են համախմբվել ինչպես 2012-ի խորհրդարանական ընտրություններից առաջ, այնպես էլ 2013-ի նախագահական ընտրությունների նախաշեմին, սակայն բոլորն էլ տեսել են, թե ինչ արդյունք է դա ունեցել:
«Ողջունում եմ ցանկացած քաղաքական համախմբում, հատկապես երբ հաշվի ենք առնում, որ այս վերջին գործընթացը գնում է սիրահոժար ձևով, առանց որևէ մեկի կամքին բռնանալու: Այս գործընթացի արդյունքում կարող է լինել այնպես, որ ընդդիմադիր ուժերը ոչ իշխանական ուժին` ԲՀԿ-ին «տանեն» ընդդիմություն, կամ էլ հակառակը՝ ԲՀԿ-ն մյուս 3 ուժերին տանի «ոչ իշխանական ճամբար», և ստեղծվի մի իրավիճակ, երբ Հայաստանում կունենանք միայն այլընտրանք և իշխանություն»,- ասաց պատգամավորը:
Ինչ վերաբերում է կառավարության հրաժարականի վերաբերյալ 4 ուժերի համաձայնեցրած նախագիծը ԱԺ-ում ապրիլի 28-ին ներկայացնելուն, Գագիկ Մինասյանի խոսքով, ճիշտ կլիներ, եթե նախաձեռնության հեղինակները «ֆալշ ստարտ» չտալու համար այդ գործընթացը կապեին 2013-ի բյուջեի նախագծի կատարողականը ԱԺ-ում քննարկելու հետ, որը տեղի է ունենալու ապրիլի 28-ից մի քանի օր անց:

Tags: ,