Հայաստանի Հանրապետության կողմից ամրագրված դրույթի համաձայն` թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը համարվում է պետությունների կոլեկտիվ պարտականությունը: Այդ նպատակով է Հայաստանը դեռևս 1993-ից մասնակցում թմրամիջոցների վերահսկման նմանատիպ միջազգային ծրագրերի:
Այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում Թմրամիջոցների վերհսկման միջազգային խորհրդի ամենամյա զեկույցի ներկայացման ժամանակ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության օպերատիվ տեղեկությունների բաժնի պետ Արթուր Մինասյանը հայտարարեց, որ հերոին և օփիում տեսակի ծանր թմրադեղերը Հայաստան են բերվում Իրանից: Իրանից Հայաստան ծանր թմրամիջոցների «մատակարարման» բաժինը կազմում է մոտ 98 %: Բացի այդ, Իրանից Հայաստան է բերվում հաշիշ տեսակի թմրամիջոց: Նախորդ տարիներին գրանցվել է մի քանի դեպք, երբ հաշիշը Թուրքիայից Վրաստանի միջոցով փորձել են Հայաստան տեղափոխել: Բացահայտվել են ներմուծման մի քանի ապօրինի փորձեր Ռուսաստանից:
«Վերջին տարիներին գրանցվել է թմրանյութերի ապօրինի շրջանառության դեպքերի ավելացում: Հիմնականում թմրանյութեր օգտագործողները 30-35 և բարձր տարիքի մարդիկ են: 2014-ի հունվարի 1-ի դրությամբ` հաշվառված է 5 հազար թմրամոլ: Նախորդ տարվա համեմատ նրանց թիվը հազարով ավելացել է: Կանանց և անչափահասների թիվը շատ քիչ է»,- տեղեկացրեց Արթուր Մինասյանը:
Tags: թմրանյութեր, թուրքիա, իրան, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ
