ՙՙՀարսնաքարի՚՚ գործով դատական ակտն ամբողջությամբ անհիմն է. պաշտպան

հարսնաքարԱյսօր Ավան և Նոր Նորք ընդհանուր իրավասության դատարանում «Հարսնաքարի» գործով վճռի հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում «Հարսնաքարի» գործով ամբաստանյալ Արման Բաղդասարյանի պաշտպան Միհրան Պողոսյանը նշեց, որ ՙՙՀարսնաքարի՚՚ գործով կայացած դատական ակտն ամբողջությամբ անհիմն է: Նա ընդգծեց, որ քրեական գործում որևէ ապացույց գոյություն չունի, որը կփաստի, որ իր պաշտպանյալը կատարել է իրեն մեղսագրված արարքներից որևէ մեկը:

ՙՙԿարծում եմ, որ սա խմբակային, որևէ մեկի արարքը մյուսի արարքից չտարանջատող դատական ակտ է: Իմ պաշտպանյալը, թեև ուներ բազմաթիվ մեղմացնող հանգամանքներ, սակայն որևէ մեկը հաշվի չի առնվել և բոլոր վեց ամբաստանյալներին նշանակվել է նույնանման պատիժ՚՚,-ասաց պաշտպանը:

Հիշեցնենք, որ այսօր «Հարսնաքարի» գործով կալանավորված բոլոր 6 ամբաստանյալները դատապարտվեցին 12 տարվա ազատազրկման:

Պաշտպանն ընդգծեց, որ Արման Բաղդասարյանի մասով վճիռը պետք է բողոքարկվի, որպեսզի վերջինիս նկատմամբ իրականացվի արդարադատություն:

ՙՙԱմբողջ քրեական գործի դատաքննությունը ընթացել էր այն ուղղությամբ, որ նախաքննության մարմինը և դատարանում մեղադրանքի կողմը որևէ ապացույց կարողանար գտնել իմ պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը հիմնավորելու համար: Սակայն չունենալով ապացույց` ի վերջո իմ պաշտպանյալին դատապարտեցին 12 տարվա ազատազրկման: Այս պարագայում չբողոքարկելը անիմաստ կլինի՚՚,-ասաց նա:

Միհրան Պողոսյանն ընդգծեց, որ իր պաշտպանյալը պետք է արդարացվեր, քանի որ բացակայում է որևէ ապացույց, որը կհիմնավորի առաջադրված մեղադրանքներից որևէ մեկը:

Հիշեցնենք, որ գործարար, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում դաժան ծեծից 12 օր անց` 2012-ի հունիսի 29-ին, այդպես էլ գիտակցության չգալով, մահացել է ռազմական բժիշկ Վահե Ավետյանը:

 Անկախ