«Փորձում էր ինքնակայանար կառավարության ներկայացուցիչ Դավիթ Սարգսյանը». Վահե Էնֆիաջյան

ԷնֆիաջյանԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է. «Քիչ առաջ` Ազգային Ժողովում, Խորհրդարանական ամբիոնի հետևից փորձում էր ինքնակայանար կառավարության ներկայացուցիչ Դավիթ Սարգսյանը: Ով առանց տրամաբանելու և իրականության ցնորված պատկերացման պատճառով շահարկեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անունը: Զարմանալի չէ, որ թելադրանքով շարժվող մանր և միջին տրամաչափի գործիչները ծածուկ փորձում են հարձակվել ԲՀԿ-ի վրա: Ինչ վերաբերվում է այսօրվա մոնոներկայացմանն ապա՝ ակնհայտ է, որ այն մեծ ալիքը, որը համաժողովրդական աննախադեպ ոգևորություն է առաջացրել՝ վախի և խուճապի նոպաներ է առաջացնում կառավարության որոշ ներկայացուցիչների մոտ:

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի քաղաքական հանդիպումների շարքն ու քննարկումները նոր հույս ու ակնկալիքներ են ստեղծում հայ մարդու և մեր ժողովրդի համար: Սա գոտեպնդում է յուրաքանչյուր քաղաքացու՝ ով վճռական է իր մասնաբաժինն ունենալ այս մեծ հայրենանպաստ գործում: Կառավարության օվշորային սկանդալները, նրա մեղմ ասած անարդյունավետ գործունեությունը, արտագաղթի մեծացող տեմպերը, գործազրկությունը և ստեղծված տնտեսական ու սոցիալական խայտառակ պայմանները` վաղ թե ուշ ստիպելու են նրանց հեռանալ այնպես՝ ինչպես այսօր ծածուկ հեռանում են ԱԺ ամբիոնից»:

Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանում ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը ԲՀԿ խմբակցության քարտուղար  Նաիրա Զոհրաբյանի դիտարկումներին ի պատասխան, թե Հայաստանում «ռեֆորմների 70 տոկոս եկամուտը գնում է որոշակի ագահ անձի գրպանը, որը տարեկան 6-8 հազար եվրո է աշխատում», հայտարարել էր. «Նման միայն մեկ օրինակ հիշեցի, Երևանի մերձակայքում գործող մեկ կազինո, որը տարեկան իսկապես 6-8 մլն եվրո շահույթ է ստանում: Ստանում է այդ շահույթը նաև այն բանի շնորհիվ, որ ձեր ֆրակցիան կողմ քվեարկեց, որպեսզի ամբողջ «փոքր բիզնեսը» փակվեր, լիքը աշխատատեղ փակվեր, որ ձեր իսկ սահմանած խաղի կանոնների արդյունքում այդ մասնավոր անձը ստանար այդ շահույթը: Այո, համաձայն եմ, ագահությունը չափ ու սահման պետք է ունենա»:
Անկախ

Tags: , , ,