Երևանի քաղաքապետը կարող է երևանցիների շահերը պաշտպանել «Գազպրոմ-Հայաստան» ընկերության առջև և բացատրություններ պահանջել նրանից

«Բարև Երևան» դաշինքՄարտի 24-ին հետևյալ նամակն է ուղարկվել Երևանի քաղաքապետին:

 Հարգելի պարոն Մարգարյան,

 Երևանի ավագանու մարտի 19-ի նիստում «Բարև Երևան» խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը Ձեզ հարց ուղղեց գազ սպառող երևանցիների շահերը «Գազպրոմ-Հայաստան» ընկերության ենթադրյալ մեքենայություններից պաշտպանելու մասին: Խնդրին ավելի հանգամանորեն ծանոթանալու համար Դուք պարոն Սաֆարյանին հորդորեցիք այն ուղղել գրավոր, ինչը և անում ենք այժմ, սակայն արդեն՝ խմբակցության անունից:

 Մարտի 8-ին «Ներազգային ազատագրական շարժում» քաղաքացիական նախաձեռնության հիմնադիր Վահան Մարտիրոսյանը ուշագրավ գիտափորձ է կատարել ու դրա տեսագրությունը ներկայացրել հայ հանրությանը (http://civilnet.am/gas-experiment-vahan-martirosyan-customers-rights-/). միևնույն շարժական գազօջախի վրա (նույն ռետինե խողովակով) և միևնույն օդի ու ջրի ջերմաչափերի, բարձրաչափի և ժամացույցի օգնությամբ 250մլ ջուր է եռացվել Երևանում և Վրաստանի Տետրի-Ցկարո քաղաքում, որը ծովի մակերևույթից իր բարձրությամբ հավասարազոր է Երևանի շատ վայրերի հետ: Երևանում այդ քանակությամբ ջուրը եռացել է 5 րոպե 53 վայրկանում՝ 25 հազարերորդական խորանարդ մետր գազի հաշվին, իսկ վրացական Տետրի-Ցկարոյում՝ 3 րոպե 49 վայրկյանում՝ 17  հազարերորդական խորանարդ մետր գազի հաշվին: և սա այն դեպքում, երբ Հայաստանում սպառվող բնական գազի կալորիականություն է հայտարարվել 8200 միավորը, իսկ Վրաստանում՝ 8100 միավորը, չնայած փորձի արդյունքները վկայում են այն մասին, որ Հայաստանում կապույտ վառելիքի ջերմատվությունն ավելի ցածր է:  Պարզունակ, բայց համոզիչ այս գիտափորձի արդյունքներին հաստատելու են գալիս բնակչության, այդ թվում երևանցիների բազմաթիվ բողոքները, ինչպես նաև սպառած գազի համար մեր բոլորիս կատարած վճարների մեծությունը՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ:

 Բարձրացվող խնդրի լուծումը ակնհայտորեն չի գտնվում Երևանի քաղաքապետի կամ ավագանու լիազորությունների դաշտում, սակայն վերջիններիս գործունեությունը կարգավորող երկու հիմնական օրենքներ պարտավորեցնում են թե՛ քաղաքապետին, թե՛ ավագանուն պաշտպանել համայնքի բնակիչների շահերը: Այսպես.

  1. «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի  (Քաղաքապետի իրավական կարգավիճակը) 1-ին մասի համաձայն՝ «Քաղաքապետը` 2) ներկայացնում է Երևանը` որպես համայնք, ավագանին և քաղաքապետարանը այլ անձանց և մարմինների հետ հարաբերություններում».
  2. Նույն օրենքի 65-րդ հոդվածի (Քաղաքապետի հարաբերությունները գործադիր իշխանության հանրապետական մարմինների և դրանց Երևանի տարածքային ծառայությունների հետ) 1-ին մասի համաձայն՝ «Քաղաքապետը գործադիր իշխանության հանրապետական մարմինների և դրանց Երևանի տարածքային ծառայությունների հետ հարաբերություններում`1) առաջարկություններ է ներկայացնում վերջիններիս իրավասությանը վերաբերող Երևանին առնչվող հարցերի վերաբերյալ. 2) գործադիր իշխանության Երևանի տարածքային մարմինների ղեկավարների մասնակցությամբ կազմակերպում է խորհրդակցություններ, հրավիրում է մասնակիցների ուշադրությունը Երևանին առնչվող խնդիրների վրա».
  3. Նույն օրենքի 22-րդ հոդվածի (Ավագանու իրավական ակտերը և դրանց ընդունման կարգը) 2-րդ մասի համաձայն՝ «Ավագանին Երևանի շահերին վերաբերող, բայց իր իրավասությունից դուրս հարցերի առնչությամբ կարող է ընդունել ուղերձներ, հայտարարություններ` ուղղված Երևանի բնակչությանը, քաղաքապետին, պետական ու տեղական ինքնակառավարման այլ մարմիններին».
  4. «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի (Համայնքի ղեկավարի գործունեությունը քաղաքացիների և տնտեսավարող սուբյեկտների իրավունքների պաշտպանության բնագավառում) համաձայն՝ «Համայնքի ղեկավարը քաղաքացիների և տնտեսավարող սուբյեկտների իրավունքների պաշտպանության բնագավառում իրականացնում է հետևյալ պարտադիր լիազորությունները. 1) իր իրավասության շրջանակում միջոցներ է ձեռնարկում պաշտպանելու համայնքի բնակիչների ու տնտեսավարող սուբյեկտների իրավունքները և օրինական շահերը. 3) ներկայացնում է համայնքի շահերն այլ անձանց հետ փոխհարաբերություններում, ինչպես նաև դատարանում»:

 Այսպիսով, որքան էլ գազի ջերմատվության ու սպառման, սպառողների առջև «Գազպրոմ-Հայաստան» ընկերության ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարման հետ կապված վերոնշյալ հարցերի պարզաբանումը, աղաղակող և մտահոգիչ խնդիրների լուծումը դուրս է Երևանի ավագանու և քաղաքապետի իրավասություններից, այդուհանդերձ, դրանք շոշափում են Երևանի բնակիչների օրինական շահերն ու իրավունքները, որոնք պաշտպանելուն կոչված ենք մենք՝ ավագանու անդամ, թե քաղաքապետ: Վերոգրյալի հիման վրա արծարծվող խնդրո առնչությամբ

  1. Երևանի քաղաքապետը կարող է այդ շահերը պաշտպանել «Գազպրոմ-Հայաստան» ընկերության առջև և բացատրություններ պահանջել նրանից,
  2. Երևանի քաղաքապետը կարող է գրավոր առաջարկությամբ հանդես գալ ՀՀ կառավարության առջև կամ հարցը բարձրացնել նրա նիստի ժամանակ, ինչպես նաև՝  բացատրություններ պահանջել և ստանալ գործադիր իշխանության Երևանի տարածքային մարմինների ղեկավարների մասնակցությամբ կազմակերպվող խորհրդակցությունների ժամանակ,
  3. Երևանի քաղաքապետը կարող է երևանցիների օրինական շահերն ու իրավունքները պաշտպանել դատարանում՝ ընդդեմ «Գազպրոմ-Հայաստան» ընկերության,
  4. Երևանի ավագանին կարող է երևանցու շահերին վերաբերող, բայց իր իրավասությունից դուրս այդ խնդրով ընդունել ուղերձ և հայտարարություն՝ ուղղված Կառավարությանը:

 Գազի կալորիականության ու սպառման խնդրով երևանցիների օրինական շահերն ու իրավունքները պաշտպանելու հարցով ունենալով վերոնշյալ օրենսդրական գործիքները, խնդրում ենք Ձեր վերաբերմունքն արտահայտել դրանց նկատմամբ և հանրությանը իրազեկել Ձեր և Երևանի ավագանու հնարավոր քայլերի մասին:

 «Բարև Երևան» խմբակցությունը կոչ է անում Երևանի ավագանու «Հայաստանի հանրապետական կուսակցություն» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցություններին միասին մշակել մեր համաքաղաքացիների առջև «Գազպրոմ-Հայաստան» ընկերության պայմանագրային պարտավորությունները պատշաճ կատարելու և երևանցիներին հնարավոր դրամաշորթությունից պաշտպանելու պահանջով ՀՀ կառավարությանն ուղղված Երևանի ավագանու ուղերձի և հայտարարության նախագիծ, որն կընդունվի ավագանու մոտակա նիստում:

Հարգանքներով՝

 «Բարև Երևան» խմբակցության անունից

Անահիտ Բախշյան

Tags: ,