Ադրբեջանի կոմունիստները դիմել են Պուտինին՝ կոչ անելով ստեղծել ԽՍՀՄ-ի նման պետական միավորում

1Ադրբեջանի կոմունիստական կուսակցությունը նամակ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որում աջակցություն է հայտնել Ղրիմի հարցում նրա դիրքորոշմանը: Բացի դրանից, ադրբեջանցի կոմունիստներն  իրենց նամակում նշել են, որ անհրաժեշտ է ստեղծել ԽՍՀՄ-ի նման պետական միավորում, որպեսզի դիմակայեն Արևմուտքին:

Ինչպես հաղորդում է “Հագին” ադրբեջանական կայքը, Ադրբեջանի կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար Թելման Նուրուլլաևը հրաժարվել է նշել նամակը ստորագրած մարդկանց անունները, սակայն ասել է, թե այն ստորագրել են մտավորականության ներկայացուցիչներն ու հանրությանը հայտնի մարդիկ:

Նա նաև նշել է, որ Խորհրդային միությունն անկում է ապրել՝ հակառակ դրա քաղաքացիների ցանկության: “1991թ-ի մարտի 17-ին տեղի ունեցած հանրաքվեի ընթացքում բնակչության 70%-ը կողմ է քվեարկել ԽՍՀՄ-ի պահպանմանը: Երեք մարդ, սակայն, որոշել էին կործանել ամենակարող երկիրը”, – ասել է Նուրուլլաևը: Վերջինս նաև կողմ է արտահայտվել Ադրբեջանի միացմանը Մաքսային միությանը, նշելով, որ “ադրբեջանցիներին Ռուսաստանն է կերակրում, այլ ոչ` Եվրոպան”:

Կոմունիստ առաջնորդի խոսքով՝ ԽՍՀՄ-ի վերականգնումն ինքնաբերաբար կլուծի նաև Ղարաբաղի հարցը, քանի որ խնդրի կարգավորման բանալին Ռուսաստանի ձեռքերում է:

 

Tags: , ,