Բնապահպան-ակտիվիստները պղտոր ջուր հրամցրին ՀՀ բնապահպանության և էներգետիկայի և բնական պաշարների նախարարներին

AԱյսօր մեկնարկեց ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի կազմակերպած «Պատասխանատու հանքարդյունաբերութունը Հայաստանում» խորագրով միջազգային երկօրյա համաժողովը, որն ուղեկցվեց սկանդալներով:

Համաժողովի մասնակիցներին ողջունեցին բնապահպան-ակտիվիստները «Հայաստանի ընդերքը հոշոտվում է այլ երկրների կողմից», «You mine we die», «Hand off Armenia» պաստառներով:

Բնապահպանները պղտոր ջրով բաժակներ հրամցրին կառավարության նեկայացուցիչներին, մասնավորապես ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին` հայտարարելով, որ հանքարդյունաբերության հետևանքով ՀՀ բնակիչները ստիպված են նման կեղտոտ ջուր խմել:

Համաժողովին մասնակցում էին ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի դեսպանները, Կանադայի կառավարության ներկայացուցիչը, միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը բնապահպանների ակցիան գնահատեց որպես քաղաքացիական հասարակության զարգացում և ակտիվություն: Համաժողովին պետք է մասնակցեր և ելույթով հանդես գար նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով այդպես էլ չժամանեց:

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը ելույթ ունենալու փոխարեն, փորձեց հապշտապ հեռանալ դահլիճից, բայց միջանցքում հանդիպեց բնապահպանների ճնշմանը և ստիպված եղավ լսել բնապահպանների մեղադրանքները`  ուղղված իրեն: Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն աննկատ հեռացավ` ելույթը կիսատ թողնելով:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Վաչե Գաբրիելյանը հայտարարեց, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը պարտաստ է այսօր ընդունել ակտիվիստների պատվիրակությանը, և նրանց հետ քննարկել օրակարգում եղած բոլոր խնդրահարույց հարցերը: Նա կոչ արեց բնապահպաններին նաև համաժողովի ընթացքում ակտիվ մասնակցել և հուզող բոլոր հարցերը առաջ քաշել:

 

Tags: