Կոմկուսը նպատակահարմար չի գտնում այս պահին պահանջել ՀՀ նախագահի հրաժարականը՝ գիտակցաբար չխոչընդոտելով ՄՄ անդամակցության կայացմանը

տաճատ սարգսյանՄաքսային Միության մեջ մտնելով՝ Հայաստանը լուծում է մի քանի կարևոր խնդիր. առհավետ լուծվում է ազգի անվտանգության խնդիրը, որը Հայաստանի Կոմկուսը համարում է համար մեկ խնդիրը: Մաքսային Միություն մտնելով՝ Հայաստանը հնարավորություն կունենա վերականգնել իր խզված տնտեսական կապեըը, ավելին, կստեղծվի նոր տնտեսական միասնական տարածք: Հայաստանի կոմունիստական կուսակցությունն իր գործունեությամբ ամեն ինչ անում է, որ Հայաստանը շուտ մտնի Մաքսային Միություն: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի նորանշանակ առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը:

Վերջինիս խոսքով, Կոմունիստական կուսակցությունը հանդիսանալով ամենաընդդիմադիր կուսակցությունը, իր ուշադրության կենտրոնում է պահում հանրապետությունում տեղի ունեցող իրադարձությունները:

«Մենք մեր առջև խնդիր ենք դրել ոչ միայն քննադատել իշխանություններն, այլ մեր քննադատությամբ հասնել երկրի առջև ծառացած խնդիրների լուծմանը: Մենք կողմ ենք իշխանափոխությանը, եթե լինի նաև համակարգային փոփոխություն: Քանի որ այսօր դրված է Հայաստանի՝ Մաքսային Միության մեջ մտնելու հարցը, մենք գիտակցաբար չենք ուզում խոչընդոտել ՀՀ նախագահին այդ քայլը կատարել, քանի որ մենք Մաքսային Միությանն անդամակցությունը պատմական ակտ ենք համարում»,- ասաց Տաճատ Սարգսյանը:

Անդրադառնալով ոչ իշխանական չորս ուժերի համախմբանն ու համագործակցությանը՝ Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղարը նկատեց, որ բոլորն էլ ականատես են եղել քաղաքական ուժերի համախմբման փորձերի, որոնք հետո պսակվել են անհաջողությամբ: Ժամանակը ցույց կտա, թե այս փորձն ինչ արդյունք կունենա:

Տաճատ Սարգսյանը տեղեկացրեց, որ Կոմունիստական կուսակցությունը պատրաստվում է մայիսի 1-ին Ազատության հրապարակում անցկացնել հանրահավաք և ժողովրդին տեղեկացնել կուսակցության առաջիկա անելիքների մասին:

 

Tags: ,