Ընդդիմություն-իշխանություն հակամարտությունն Ուկրաինայում վերածվեց աշխարհաքաղաքական պայքարի Ռուսաստանի և Արևմուտքի միջև: Դե ֆակտո, ողբերգությունը հավասարապես կիսում են թե’ իշխանությունը, թե’ ընդդիմությունը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:
Անշուշտ ուկրաինական ողբերգության մեջ, ըստ քաղաքագետի, իրենց մեղքն ունեն նաև գերտերությունները: ՌԴ-ի մեղքը կայանում է նրանում, որ աջակցում էր Յանուկովիչի նման վարկաբեկված մարդուն: ԱՄՆ-ն էլ, օգտվելով իրավիճակից, խրախուսեց ուկրաինական ընդդիմության մեջ ընդգծված հակառուսական գործիչներին, և Մայդանի հեղափոխությանը հետևեց ՌԴ-ի նման արձագանքը:
«Ուկրաինական իրադարձություններն առաջին դասը պետք է լինեն Հայաստանի իշխանությունների և ընդդիմության համար, որպեսզի երկրի ներսում տեղի ունեցող բոլոր տիպի խնդիրները չդարձնեն սակարկման թեմա դրսի ուժերի համար»,- ասաց Երվանդ Բոզոյանը:
Անդրադառնալով Ղրիմի հանրաքվեին` քաղաքագետը նշեց, որ, ըստ էության, ՌԴ որոշումն արդեն փաստ է, որի հետ բոլորը պետք է հաշվի նստեն: Իհարկե, սա ոչ միանշանակ է ընկալվում միջազգային հանրության կողմից, ավելին, միջազգային հանրությունը մեծամասամբ չի ընդունում ՌԴ-ի այս քայլը:
«Խնդիրը նրանում է, թե հետագա ի՞նչ զարգացումներ կլինի, և արդյո՞ք ՌԴ-Ուկրաինա հարաբերությունների միջև լարվածությունը կխորանա: Միջազգային հանրությունն էլ պետք է ամեն ինչ անի, որ այդ խորացումը չլինի, դրան է ուղված բոլոր քայլերը: ՌԴ-Արևմուտք այս լարվածությունն իր կնիքն է թողնում նաև մեր տարածաշրջանի վրա: Շատ կարևոր է ճիշտ կողմնորոշվել այս կոնֆլիկտում, որ մեր ազգային շահը չտուժի»,- ասաց Երվանդ Բոզոյանը:
Այս իմաստով, ըստ բանախոսի, ՀՀ պաշտոնական դիրքորոշումը պետք է լինի չեզոք, ՀՀ-ն պետք է հայտարարի իր ակտիվ չեզոքության մասին, իսկ ԼՂՀ-ն կարող է ողջունել Ղրիմի ինքնորոշման ակտը:
«ՀՀ իշխանությունները, մեծ հաշվով, իրենց ճիշտ են պահում: Հայաստանի կողմից չեզոքությունը շատ կարևոր է, որպեսզի մենք վնաս չհասցնենք թե’ մեզ, թե’ Ղարաբաղին: Շատ կարևոր է, որ Հայաստանի այս դիրքորոշումը ճիշտ ընկալվի և’ Ռուսաստանում, և’ Բրյուսելում, և’ Վաշինգտոնում»,- ասաց քաղաքագետը:
Իսկ թե որքանո՞վ է ճիշտ ԼՂ-ն և Ղրիմը համեմատել, քաղաքագետը նշեց, որ դիվանագիտական առումով շահավետ է ասել, որ ոչ մի նմանություն չկա ԼՂ-ի և Ղրիմի միջև, որովհետև Ղրիմի ինքնորոշումը չի ընդունվել միջազգային հանրության կողմից, իսկ ԼՂ ինքնորոշումը մենք ուզում ենք, որ միջազգային հանրությունն ընդունի:
Tags: Երվանդ Բոզոյան, Ղրիմ, Ուկրաինա