Հայտնի են Բրիտանական ֆիլմերի փառատոնի մրցույթների հաղթողները

BFF closing «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline), ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը և Բրիտանական խորհուրդը հայտարարում են «Մեզ հետ, մեր կողքին» և լավագույն գրախոսականի մրցույթների հաղթողների պարգևատրման մասին։ Մրցույթներն անց են կացվել  Բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոնի շրջանակում։

Հաղթողների պարգևատրման, ինչպես նաև փակման պաշտոնական արարողությունները տեղի ունեցան այսօր Գաֆէսճեան արվեստի կենտրոնում։ Լավագույն գրախոսականի մրցույթին, որը մեկնարկել էր մարտի 5-ին, հաղթող ճանաչվեց Րաֆֆի Մովսիսյանը։ Նրա ֆիլմի գրախոսականը՝ «Եսասեր հսկան» արժանացավ կինոքննադատների և կինոլրագրողների ասոցիացիայի անդամների ամենաբարձր գնահատակին։ Հաղթող մասնակիցը պարգևատրվեց Apple iPad պլանշետով, իսկ ևս երկու մասնակից արժանացան հատուկ մրցանակների: Ընդհանուր առմամբ մրցույթին ներկայացվել էր  32 աշխատանք։

«Լավագույն գրախոսականի մրցույթի նպատակներից է ոչ միայն քաջալերել մարդկանց դիտելու  և խորհելու ֆիլմերում բարձրացրած հարցերի շուրջ, այլև նպաստել Հայաստանում գրախոսականի արվեստի զարգացմանը: Եվ մեզ համար ոգևորիչ է ստանալ նման որակի աշխատանքներ»,-ասաց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:

«Մեզ հետ, մեր կողքին» ֆոտոմրցույթը, որին ներկայացված լուսանկարները տեղադրված էին  Բրիտանական խորհրդի ֆեյսբուքյան էջում, նվիրված էր հասարակությունում առկա ներառական խնդիրներին։ Մրցույթին, ընդհանուր առմամբ, ներկայացվել էր 58 լուսանկար: Լուսանկարչական ոլորտի մասնագետներից կազմված հատուկ հանձնաժողովն Արմեն Անմեղիկյանի` միասնական և ներառական հասարակություն խորհրդանշող լուսանկարը ճանաչեց լավագույնը: Հանձնաժողովի բարձր գնահատականին արժանացան ևս վեց մասնակիցների աշխատանքներ: Արմեն Անմեղիկյանը պարգևատրվեց լուսանկարչական ապարատով, իսկ մյուս մասնակիցներն արժանացան խրախուսական մրցանակների։

«Փառատոնի շրջանակում կազմակեպված մրցույթները ևս մեկ հնարավորություն են արվեստի միջոցով մարդկանց ուշադրությունը սևեռել մեր կողքին ապրող խոցելի խմբերի անդամներին և օգնության ձեռք մեկնել նրանց։ «ԱրմենՏել» ընկերության անունից շնորհավորում եմ մրցույթի հաղթողներին, համոզված եմ, որ համատեղ ջանքերի և մեր աջակցության շնորհիվ մենք կկարողանանք օգնել մարդկանց դարձնել  կյանքն ավելի լավը»,- ասաց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Ներառական և հաղորդակցության խնդիրներն առաջնահերթ կարևորություն ունեն նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի համար: Ինչպես նշում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Հենրիետ Արենսը, այս տարի ՅՈՒՆԻՍԵՖ-ը և հանրային ոլորտի գործընկերները կմեկնարկեն ներառական կրթության թեմային նվիրված հանրային իրազեկման արշավ: Ներառական միջավայրն անհրաժեշտ պայման է բոլոր երեխաներին և երիտասարդներին արդյունավետ ուսուցում կազմակերպելու համար՝ անկախ իրենց կարողություններից: Հաշմանդամություն ունեցող երեխաներն ունեն նույն իրավունքներն ու հիմնարար ազատությունները, ինչպես մյուս երեխաները: Այս իրավունքների հավասար սկզբունքով լիարժեք ապահովումը ոչ միայն կառավարության, այլև հասարակության յուրաքանչյուր անդամի պատասխանատվությունն է, նշեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը:

Բրիտանական Ֆիլմերի 12-րդ փառատոնն այս տարի մեկնարկել է փետրվարի 22-ին։ Փառատոնը կազմակերպում են Բրիտանական խորհուրդը, Երևանում Բրիտանական դեսպանատունը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը: Փառատոնի գլխավոր հովանավորն է «ԱրմենՏել» ընկերությունը։

Tags: