«Մարդկային ամենագնահատելի առաքինություններից մեկը չափի զգացումն է». Էդ. Շարմազանով

загруженное (1)

ԱԺ հայտարարությունների ժամին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ հարեւան երկիրը շարունակում է կոպտորեն խախտել հրադադարի ռեժիմը՝ համառորեն մերժելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված շարունակական կոչերը:

“Սրա վառ ապացույցն է այն, որ երեկ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում դիպուկահարի կողմից մահացու վիրավորում է ստացել զինծառայող Գառնիկ Թորոսյանը: Ակնհայտ է, որ այս ամենն արդյունք է Ադրբեջանի ղեկավարության ֆաշիստական եւ հայատյաց քաղաքականության: Եվ այս ամենից հետո նրանք դեռ իրենց հասարակությունն անվանում են հանդուրժողական: Կարծում եմ՝ շատերը կհիշեն, որ Երկրորդ աշխարհամարտից առաջ էլ գերմանական նացիստներն էին իրենց շարժումը կոչում քրիստոնեական: Մեկնաբանություններն ավելորդ են”:

Շարմազանովն անդրադարձավ նաև թուրք-սիրիական սահմանի մոտ գտնվող հայաբնակ գյուղաքաղաք Քեսաբում տեղի ունեցող ցավալի իրադարձություններին: Մեջբերելով Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերը, որ Քեսաբի հայերի՝ թվով արդեն երրորդ տեղահանությունը ազգային փոքրամասնությունների պաշտպանության 21-րդ դարի մեխանիզմներին նետված լրջագույն մարտահրավեր է, Շարմազանովն ասաց.

“Մի բան անվիճելի է՝ Քեսաբի վրա զինված հարձակումը մարդու իրավունքների կոպտագույն խախտում է: Սա բացահայտ սպառնալիք է ոչ միայն տարածաշրջանային խաղաղությանը, այլեւ ազդակ ՄԱԿ-ի եւ այն միջազգային կառույցների համար, որոնք զբաղվում են մարդու իրավունքների պաշտպանությամբ”:

Ինչ վերաբերում է վերջին շրջանի ներքաղաքական զարգացումներին, ապա Շարմազանովը նկատեց, որ դրանց իր ակտիվ մասնակցությունն է բերում նաև քաղաքացիական հասարակությունը, որի կայացումը նա համարեց բոլորիս ձեռքբերումը` նշելով, որ հանրապետականները ողջունում են քաղաքական բազմակարծության ցանկացած օրինական դրսեւորում: Սակայն նա ափսոսանքով նշեց, թե որոշ քաղաքական գործիչներ բազմակարծություն ասելով հասկանում են զրպարտանք եւ անձնական վիրավորանք:

“Նրանք ակնհայտորեն մոռանում են, որ դիմացինին զրպարտելով եւ վիրավորելով իրենք չեն բյուրեղանում: Հիշենք, որ մարդկային ամենագնահատելի առաքինություններից մեկը չափի զգացումն է”,-ամփոփեց Էդուարդ Շարմազանովը:

 

Անկախ

 

 

Tags: , ,