Գյումրիում նշվեց խոսքի ազատության օրը

26 002Արդեն 6-րդ անգամ Գյումրիում նշվեց խոսքի ազատության օրը: ՚Հոկտեմբեր՚ կինթատրոնի դահլիճում Երեւանից ու Վանաձորից ժամանած հյուրերի մասնակցությամբ գյումրեցիներն հերթական անգամ նշեցին իրենց համատեղ հաղթանակի օրը: Ամեն տարի տոնի կապակցությամբ պարգեւատրում են անցած մեկ տարվա ընթացքում խոսքի ազատության եւ դրա պաշտպանության գործում աչքի ընկած մարդկանց ու կազմակերպություններին:

Գյումրու Ժուռնալիստների ՚Ասպարեզ՚ ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը, որը տոնի հիմնադիրներից է, իր ելույթում նշեց. ՚Սա լրատվամիջոցների եւ զուտ լրագրողների տոն չէ եւ միայն այս ոլորտի մարդկանց խրախուսման տոն չէ: Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ էլ պարգեւատրվելու են այն մարդիկ, ովքեր իրենց քաղաքացիական վարկով, դիրքով, իրենց գործունեությամբ էական ավանդ են ունեցել խոսքի եւ արտահայտման ազատության պաշտպանության եւ այդ արժեքները լրջորեն կիրառելու գործում: Շատ մեծ խիզախում է պետք հոսանքին հակառակ գնալու համար: Ես համոզմունք ունեմ, որ դա ավելի շատ գենետիկական է՚:

Տոնի առթիվ ելույթ ունեցան նաեւ ՚Շիրակ կենտրոն՚ ՀԿ նախագահ Վահան Թումասյանը, լրագրող Թաթուլ Հակոբյանը եւ այլք:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն էլ հիշեց, թե խորհրդային տարիներին ինչպես էին մի կերպ որսում ՚Ամերիկայի ձայնի՚ ռադիոալիքները, որպեսզի կարողանային մի փոքր այլընտրանք գտնել, ապա շարունակեց. ՚Այսօր սոցիալական վիճակը շատ է վատացել եւ մարդկանց մի զգալի հատված ասում  է՝ մեզ պե՞տք են այդ ազատությունները: Մեկը մյուսի հաշվին չի եղել. Հակառակը, Խորհրդային միության փլուզումից հետո, եթե մնացած ազատություններն էլ լինեին, այդ թվում նաեւ խոսքի ազատությունը, գուցե սոցիալական վիճակն էլ լավանար: Եվ վերջում ուզում եմ մի անեկդոտ պատմել. Գիտեք, որ Բելառուսիայում բռնապետություն է, բայց սոցիալական վիճակը համեմատաբար ավելի լավ էր, քան հարեւան Ուկրաինայում: Ուկրաինական մի նիհար շուն գալիս սահման է հասնում, ուզում է անցնել Բելառուսիա, սահմանապահները թույլ չեն տալիս: Խնդրում է, սապոգները լիզում, վերջը թույլատրում են: Գնում է, մի որոշ ժամանակ անց չաղացած գալիս է, որ սահմանը ետ անցնի դեպի Ուկրաինա, ասում են՝ գնացել էիր, քո համար հանգիստ ապրում էիր, ի՞նչ ես եկել: Ասում է՝ մի քիչ էլ ուզում եմ հաչալ”:

Հավելենք, որ այս տարի մրցանակների արժանացան յոթը` Շանթ Հարությունյանը, Լևոն Խեչոյանը, Լուսինե Հովհաննիսյանը, Արգիշտի Կիվիրյանը, Հետաքննող լրագրողների ընկերակցությունը և hetq.am կայքը, “ԱՌՏ” լաբորատոր ստեղծագործական կազմակերպությունը և “Անտարես” մեդիա հոլդինգը:

Ավետիք Իշխանյանը վերջում մտավախություն հայտնեց, թե “կգա ժամանակ, երբ սա ավադույթ դառնա` անընդհատ նշվի, նշվի, վերջը կդառնա պետական տոն և մի քիչ համը դուրս կգա”:

Անկախ

Tags: ,