Նոր Նորք վարչական շրջանում կբարեկարգվի հերթական զբոսայգին

012014թ. ընթացքում մայրաքաղաքի բարեկարգ այգիների շարքը կհամալրի նաև Գայի պողոտայի և Ջրաշխարհի հարևանությամբ գտնվող զբոսայգին: Դեռևս 2013թ. հոկտեմբերին Երևան քաղաքի ավագանին հավանություն էր տվել ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Թոքմաջյանի առաջարկությանը՝ Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի տարածքում գտնվող  զբոսայգու 5.637  հա մակերեսով հատվածը բարեկարգելու և կանաչապատելու վերաբերյալ: Համալիր բարեկարգման ծրագրի շրջանակում այգում նախատեսվում է կառուցել ամֆիթատրոն, կանաչ լաբիրինթոս ու գեղեցիկ զբոսուղիներ: Կմաքրվեն և կվերանորոգվեն նաև այգում տեղակայված հուշարձաններն ու արդեն գոյություն ունեցող կառուցվածքները: Երևանցիների ու մայրաքաղաքի հյուրերի լիարժեք հանգստի կազմակերպման համար զբոսայգում կտեղադրվեն թեթև կոնստրուկցիաներով զրուցարաններ, կկահավորվեն մանկական խաղահրապարակներ, թենիսի հարթակ, ինչպես նաև շատրվան և ցայտաղբյուրներ: Վերակառուցված այգին հարմարեցված կլինի նաև հասարակության սակավաշարժ խմբերի տեղաշարժման համար: Նախագիծը կյանքի կոչելու համար այգում ոչ միայն ծառեր չեն հատվելու, այլև նախատեսվում են լրացուցիչ ծառատունկ և կանաչապատման աշխատանքներ: Զբոսայգու մշակվող բարեկարգման և կանաչապատման նախագծանախահաշվային փաստաթղթերն, ի դեպ, պատրաստվում են Ճարտարապետաշինարարական համալսարանի կողմից՝ որպես նվեր համայնքին:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Tags: