Թուրքիան «պատրաստ է օգնել» իր իսկ զինյալների կողմից ունեզրկված ու տեղահանված քեսաբահայությանը

Քեսաբ  Հայտնի է, որ մարտի 21-ից ի վեր թուրք-սիրիական սահմանին գտնվող հայաբնակ Քեսաբում լարված իրավիճակ է տիրում: Սիրիայի կառավարական ուժերի և Թուրքիայի տարածքից ներխուժած զինյալների  միջև մարտերը, որոնք ուղեկցվում են շարունակական ռմբակոծումներով, չեն դադարում: Ստեղծված վտանգավոր դրության պատճառով մոտ 600 հայ ընտանիք՝ 2 հազար հոգի, ստիպված եղան լքել իրենց տները:

Այս կապակցությամբ Թուրքիայի ԱԳՆ-ի բազմակողմ քաղաքական գործերի վարչության ղեկավար Բասաթ Օզթյուրքը, նամակ հղելով Հորդանանի մայրաքաղաք Ամմանում տեղակայված ՄԱԿ-ի հումանիտար օգնության համակարգող գրասենյակի փոխքարտուղար Նիգել Ֆիշերին, հայտնել է հետևյալը. «Թուրքիան ցանկանում է աջակցել հյուսիս-արևմտյան Սիրիայում, մասնավորապես Քեսաբում ստեղծված անապահով վիճակի պատճառով իրենց տները լքած և օկուպացիայի տակ գտնվող այս տարածքում մնացած մարդկանց հումանիտար օգնության տրամադրմանը»: «Ակօս»-ի հաղորդմամբ՝ նամակում ընդգծվում է, որ Թուրքիան ՄԱԿ-ի համակարգող գրասենյակի կամ ՄԱԿ-ի այլ կառույցների միջոցով պատրաստ է անհապաղ օգնություն տրամադրել մասնավորապես տարածաշրջանի սիրիահայությանը: Թուրքական կողմը հայտնել է, որ Մարդինի շրջանում մոտ 2 հազար մարդ ընդունելու պատրաստ փախստականների ճամբարներ են տեղակայվել, անհրաժեշտության դեպքում դրանց թիվը կավելացվի: Հայտնի է, որ նման բովանդակությամբ նամակ ուղարկվելու է նաև ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարություն:

Tags: ,