«Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ մարտի 28-ին Ազատության հրապարակում կանցկացվի կուսակցության հանրահավաքը, որի հիմնական նպատակը միասնական հրապարակի կայացումն է: «Քաղաքացիական և քաղաքական բոլոր խմբերի միավորումը մեկ միասնական օրակարգի շուրջ կբերի նոր քաղաքականության իրականացման և վերջ կդնի այս հակասահմանադրական վիճակին, որը շարունակվում է տասնամյակներ և անտեսանելիորեն մսխում ժողովդրի իրավունքները»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը` հավելելով, որ, պատահական չէ, որ վերջին տարիներին այս միտումների հետևանքով մեծացել են արտագաղթի չափերը, ժողովրդի անպաշտպանության աստիճանը, որը համակել է բոլորին` թե’ աղքատներին, թե’ միջին խավին, անգամ հարուստներին:
Նա նշեց, որ միասնական հրապարակի կայացման համար իրենք առաջին հերթին անհրաժեշտ են համարում բոլոր ընդդիմադիր և ոչ իշխանական ուժերի կոնսուլտացիաները բարձր մակարդակով, այն է`առաջնորդների մակարդակով, ինչպես նշել է «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Այդ համագործակցությունը չպետք է սահմանափակվի միայն չորս ուժերի մասնակցությամբ, այլ պետք է ընդգրկի նաև քաղաքացիական հասարակությանը:
«Վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունները ստիպում են ավելի արագ կայացնել այդ հրապարակը. մենք տեսնում ենք, որ Հայաստանն այլևս չի կարողանում հավասարակշռություն պահել միջազգային ասպարեզում: Մինչ օրս օդում կախված են մնացել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները և այլն: Հենց այս շրջանում, երբ Հայաստանի արտաքին քաղաքական բալանսում նման փոփոխություններ են տեղի ունենում, ծագել են այնպիսի ռիսկային խնդիրներ, ինչպիսին է, օրինակ, Ղրիմի ճանաչման հարցը: Այս ռիսկային խնդիրները կարող են ազդել ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունների վրա»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը:
Tags: Ստյոպա Սաֆարյան
