«Սիրիայում, ավելի հստակ՝ Քեսաբում, հույժ կարևոր է հայկական ստորաբաժանումների առկայությունը». Աշոտ Մանուչարյան

աշոտ մանուչարյանԶարմանալի է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիան Սիրիայի հայաբնակ համայնքում՝ Քեսաբում,  իրականացրեց նույն քաղաքականությունը, ինչ 1915-ին` օգտագործելով քրդերին: Թուրքիան իր ցանկությամբ նման բան չէր անի, քանի որ առջևում Հայոց ցեղասպանության 100-ամյակն է: Թուրքիային այդ քայլին է գնացել հենց այն ուժերի դրդմամբ, որոնց դրդմամբ էլ շարժվեց 1915թ-ին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: Վերջինիս խոսքով` հայ հասարակությունը պետք է հստակ իմանա, թե ով է Թուրքիային դրդում քայլեր անել Սիրիայում:

«Թուրքիայից սիրիական կոնֆլիկտին միջամտել պահանջող երկրներին պետք է հայտ ներկայացնել այն մասին, որ 1915 թվականին Թուրքիան ընդամենը գործիք է եղել, և հիմա էլ գործիքի դերում է, ուզում ենք հասկանալ՝ ո՞վ և ինչո՞ւ է հայերի դեմ կատարում ցեղասպանության դավադրություն»,-ասաց Աշոտ Մանուչարյանը:

Բանախոսը համակարծիք է նաև այն տեսակետին, որ Հայաստանից պետք է զինված խմբեր գնան Սիրիա ու պաշտպանեն տեղի հայությանը:

«Մենք Սիրիայի կառավարությանը պետք է բացատրենք, որ չենք գնում միջամտելու իրենց հարցին, այլ միայն գնում ենք պաշտպանելու մեր հայրենակիցներին: Այսպես մենք նաև կպարզենք, թե ովքե՞ր են իրականում մեր դաշնակիցները»,-ասաց Աշոտ Մանուչարյանը` ընդգծելով, որ այսօր Սիրիայում, ավելի հստակ՝ Քեսաբում, հույժ կարևոր է հայկական ստորաբաժանումների առկայությունը:

Ինչ քայլեր պետք է ձեռնարկեր նման իրավիճակում Հայաստանի իշխանությունը հարցին, Աշոտ Մանուչարյանը պատասխանեց, որ ՀՀ կառավարությունն ու իշխանությունը կարծես գոյություն ունեցող աշխարհի հետ կապ չունենան: Պետք է այսօր Ռուսաստանի հետ լուծենք Քեսաբի մեր հայության անվտանգության հարցերը, քանի որ բոլորս գիտենք, որ Ռուսաստանն այնտեղ ռազմանավեր ունի: Պարզ չէ, թե ինչո՞ւ չեղան քննարկումներ ԱՄՆ-ի համապատասխան կառույցների հետ, որովհետև բոլորս ի սկզբանե գիտենք, թե որ կողմն էր հրահրում Թուրքիային: ԱՄՆ-ի հայությունը պետք է պահանջեր ԱՄՆ-ի կառավարությունից՝ Թուրքիային զերծ պահել Քեսաբում որևէ գործողություն իրականացնելուց»:

 

Tags: