Մի ցանեք քամի, որովհետև դրա պատասխանը փոթորիկ է լինելու, չի կարելի. Արմեն Աշոտյանի արձագանքը բնապահպանության նախարարի երեկվա պահվածքին

Արմեն Աշոտյան՛՛Ես առաջարկում եմ միասին հետևել հին ճշմարտությանը՝ որոնել արմատները, դրանք հետևյալն են, վաղուց մեր հասարակական-քաղաքական քննարկումների դաշտում, այդ թվում որոշ ԶԼՄ-ների պատճառով, բառամթերքի կտրուկ անկում կա, և չի կարելի մեղադրել մարդուն, որին հետևողականորեն սադրում են՝ միջոցառումը խանգարելով ու տարբեր տեսակ վանկարկումներով՝ ասելով՝ դուք ծախել եք հանքը, դա վիրավորա՞նք է, թե՞ չէ, դուք կաշառք եք վերցրել, վիրավորա՞նք է, թե՞ չէ: Բնավ համաձայն չեմ, թե ակտիվիստներն ու լրագրողները նախարարի մասնագիտական  գործունեության մասին են խոսել: Ի՞նչն է մասնագիտական գործունեության մասին, եթե դիմացինիդ ասում ես՝ դուք կաշառակեր եք կամ վաճառել եք երկիրը… մենք տարբեր պատկերացումներ ունենք մասնագիտական լրատվական գործունեության մասին այդ դեպքում: Եթե կան նման տեսակի ահազանգեր, խնդրեմ՝ հրապարակեք և դիմեք պատկան մարմիններին, եթե չկան, բարի եղեք պարկեշտություն պահպանեք: Ես վաղուց եմ ասել՝ մի ցանեք քամի, որովհետև դրա պատասխանը փոթորիկ է լինելու, չի կարելի՛՛, – բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի երեկվա պահվածքի մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հարցերին պատասխանելիս նման կարծիք հայտնեց Արմեն Աշոտյանը:
Հիշեցնենք, որ երեկ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի պահվածքը ցնցել էր բոլոր լրատվամիջոցները: Նախարարն իրեն կեղտոտ ջուր առաջարկած ակտիվիստին ասել էր՝ ՛՛ականջներդ կկտրեմ, այ լակոտ՛՛:
Արմեն Աշոտյանը, սակայն, համառորեն գտնում է, որ այդ ակտիվիստներն են սադրել նախարարին: Լրագրողների  հարցին, թե վերոնշյալն արդյո՞ք նշանակում է, որ ինքն արդարացնում է Արամ Հարությանյանի նման պահվածքը, Արմեն Աշոտյանը հարցով պատասխանեց. ՛՛Իսկ դուք արդարացնո՞ւմ եք քաղաքացիական ակտիվիստներին, որոնք նման տեսակի վանկարկումներով վարկաբեկում են կառավարության անդամներին: Դուք արդարացնո՞ւմ եք այն լրագրողներին, ովքեր գրում են ամենավերջին վիրավորանքները որոշ կայքերում, արդացանո՞ւմ եք այն ակտիվիստներին, ովքեր սադրում են, թե՞՝ չէ՛՛:

Tags: