Հանրապետակա՞ն ես՝ կրթաթոշակ կստանաս, ո՞չ՝ դարձիր հանրապետական, որ կրթաթոշակ ստանաս. Արամ Մանուկյան

Արամ ՄանուկյանՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը կարծում  է, որ հանրակրթական համակարգում, առողջապահության և պաշտպանության նախարարության ոլորտներում կա աշխատակիցների «հարկադիր»  կուսակցական պատկանելության երևույթ: Այս մասին նա հայտարարեց այսօր ԱԺ նիստի ժամանակ. «Այսօր այսպես է. հանրապետակա՞ն ես՝ կրթաթոշակ կստանաս, ո՞չ՝ դարձիր հանրապետական, որ կրթաթոշակ ստանաս: Դուք պետական միջոցները, վճարովի համակարգի վարձավճարներն ուղղում եք կուսակցական համակարգին: 90% -անոց հանրապետական համակարգ ունեք: Սա անթույլատրելի է, սա հանցագործություն է: Ես եղել եմ ՀՀՇ կուսակության նախագահ, այն ժամանակ մենք ապակուսակցականացրել էինք հանրակրթությունը: Բուհում, իհարկե, ցանկացած ուսանող կամ դասախոս կարող է լինել կուսակցական, բայց գործունեությունը տանել այնպես, որ, մարդիկ ստիպված լինեն հանրապետական կուսակցության անդամ դառնալ իրենց սոցիալական վիճակից ելնելով, անթույլատրելի է: Ծայրահեղ կուսակցականությունը վնասում է մեր երկրին», – ասաց Արամ Մանուկյանը, ում վարման կարգով պատասխանեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա, բնականաբար, հակառակ կարծիքն ունի. «Դուք ասում եք, որ Առողջապահության, Կրթության ու Պաշտպանության նախարարները չպիտի կուսակցականացված լինեն, և մեղադրում եք, որ հանրապետականցնում ենք բուհ-երը: Ասեմ, որ նախարար Աշոտյանի կառավարման շրջանում տարբեր ընդդիմադիր կուսկացությունների ներկայացուցիչներ պատասխանատու պաշտոններ են վայելում այս ոլորտում: Սա «Հանրապետականի»  հանդուրժողական մոտեցման մասին է խոսում»,- եզրափակեց Շարմազանովը:

Tags: ,