«Հիմարություն է Լեռնային Ղարաբաղի և Ղրիմի նմանությունների մասին չխոսելը». Արամ Գ. Սարգսյան

Արամ-Գասպարի-ՍարգսյանՀայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ իր կածիքով` Ղրիմում կայացել է մի հանրաքվե, որի արդյունքները հստակորեն արտահայտում են Ղրիմի ժողովրդի մեծամասնության տեսակետն ու ցանկությունը: Ըստ նրա` Լեռնային Ղարաբաղի  Ինքնավար Մարզի հետ եղավ նույնը բացարձակ օրինական ճանապարհով:

«Լեռնային Ղարաբաղի օրինակը բոլորի համար օրինակելի է, և հիմարություն է Լեռնային Ղարաբաղի և Ղրիմի նմանությունների մասին չխոսելը, իբրև թե Ղարաբաղն ազատագրվեց, իսկ Ղրիմն անեքսիայի ենթարկվեց»,-ասաց Արամ Սարգսյանը:

Թեև այժմ Ուկրաինայի իշխանությունները նեղացած են Հայաստանից, բայց Արամ Սարգսյանի խոսքով` պետք է հակառակը լիներ, քանի որ Ուկրաինան մշտապես աջակցել է Ադրբեջանին:

«Մեզ համար Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացումը շատ ավելի կարևոր է: Եթե մեր անվտանգությունն ապահովելու համար պետք է լավ հարաբերություններ ունենանք Ռուսատանի հետ, ուրեմն պետք է ունենանք»,- ասաց բանախոսը՝ հավելելով, որ, ցավոք, շատ հաճախ փոքր եղբոր դերում են հանդես գալիս Ռուսատանի հետ հարաբերությունների համատեքստում և քանի դեռ ժողովուրդը գոհ չէ իր իշխանություններից, երկրի ներսում անկայուն իրավիճակ է, մեզ կարող են ամեն կերպ օգտագործել:

Արամ Սարգսյանը նկատեց, որ Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում են, ժողովրդի դժգոհությանն «արժանանալու» համար, և սա, կարծես, դրսի պատվեր լինի: «Երկրում առաջին տեղում սերվիսն է, երկրորդ տեղում առևտուրը, իսկ արդյունաբերությունը միայն չորրորդ տեղում է: Երևանը՝ երբեմնի գիտաարդյունաբերական արտադրության քաղաքը, դարձել է սպասարկման քաղաք»,-եզրափակեց Արամ Սարգսյանը:

 

Tags: ,