Քաղաքացիական հասարակությունը դատապարտում է Քեսաբի դեպքերի կապակցությամբ ՄԱԿ-ի լռությունը

քեսաբ2Այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց բողոքի ցույց արեցին քաղաքացիական տարբեր նախաձեռնությունների անդամներ: «Քեսաբը պարտադրում է նոր ԱՍԱԼ-ի ծնունդ. հայտարարվում է զորահավաք», «UN, stop terorist Turkey, save kids lives», «UN, silence supporting terrorism by Turkey» և այլ գրություններով պաստառներով` բողոքի ցույցի մասնակիցները դատապարտում էին մարտի 21-ին Սիրիայի Քեսաբ համայնքում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ ՄԱԿ-ի լռությունը:

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին ուղղված նամակում մասնավորապես նշված էր, որ Թուրքիան խախտել է միջազգային բոլոր օրենքներն ու պարտավորությունները և մարտի 21-ին գնդակոծել է Սիրիայում գտնվող հայկական Քեսաբ գյուղն ու շրջանը:«Թուրքական պետության աջակցությամբ ահաբեկիչները ներխուժել է բնակավայր, սկսել ավերն ու թալանը: Տեղի ողջ բնակչությունը տեղահանված է: Գաղտնիք չէ, որ Թուրքիայի համար հայաբնակ Քեսաբը մշտապես թիրախ է եղել: Հաշվի առնելով, որ այս դեպքում ՄԱԿ-ի լռությունը առնվազն տարօրինակ է, որոշեցինք հիշեցնել ՄԱԿ-ի կառույցին, թե ինչ նպատակների համար է այն կոչված ծառայելու: Մենք դատապարտում ենք ՄԱԿ-ի լռությունը և հիշեցնում, որ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն, մենք՝ միավորված ազգերի ժողովուրդներս, լի վճռականությամբ, պարտավորվում ենք փրկել գալիք սերունդներին պատերազմից, արհավիրքից, որը մեր կյանքի ընթացքում երկու անգամ անասելի վիշտ է պատճառել մարդկությանը»:

«Նախնյաց հետքերով» նախաձեռնության անդամ Արման Մխիթարյանը հավելեց, որ Թուրքիան լինելով ՄԱԿ-ի անդամ, կոպտորեն խախտում է բոլոր վերոնշյալ դրույթները, ապա հայտարարեց, որ ՄԱԿ-ից պահանջում են ծառայել իր կոչմանը և խստորեն դատապարտել Թուրքիայի ահաբեկչական քայլերն ու դրանց տալ համապատասխան իրավական գնահատական:

Քաղաքացիական շարժման անդամներին դիմավորեց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի համակարգող Բրեդլի Բուզետտոն և վերցրեց ՄԱԿ-ի գրասենյակին ուղղված նամակը` շնորհակալություն հայտնելով շարժման մասնակիցներից:

 

Tags: ,