Հանրապետական պատգամավոր Շուշան Պետրոսյանը խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ բարձրացրեց Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթի հարցը:
Նա ասաց, որ ճանաչում է այդ պաշտոնի համար դիմած ինը թեկնածուներին, և նրանցից մի քանիսին անգամ համարում մշակութային արժեք: «Ի՞նչ սկզբունքներով եք առաջնորդվելու տնօրենի ընտրության հարցում»,-հետաքրքրվեց պատգամավորը մշակույթի նախարարից` միաաժամանակ նկատելով, որ նախընտրելի է նրանցից մեկը, որը ծանոթություն և միջազգային լուրջ աշխատանքային փորձ ունի:
Հասմիկ Պողոսյանը նախ հիշեցրեց, որ առաջնորդվում է ոչ թե ինքը, այլ ՊՈԱԿ-ի մասին օրենքը և հանձնաժողովը, որը ստեղծվելու է այդ նպատակով: «Անշուշտ ամենակարևորը լինելու է այն, թե ինչ հայեցակարգ են ներկայացնելու թեկնածուները»,-ասաց նախարարը` նկատելով, որ իր համար անհասկանալի է այն, որ քննարկում են թեկնածուների ով, ինչ լինելը, մինչդեռ մի ոլորտի գիտելիքներն այս դեպքում բավարար չեն, և որ կառավարման ոլորտը այլ պահանջներ էլ է ներկայացնում:
Շուշան Պետրոսյանն արձագանքեց, որ ինը թեկնածուներից միայն մեկն է ներկայացրել հայեցակարգ, ինչը նախարարին խիստ վրդովեցրեց. «Խնդրում եմ այդպիսի հայտարարություններ չանեք, որովհետև ապակողմնորոշում եք ողջ հասարակությանը»:
Նախարարը հայտնեց, որ բոլոր թեկնածուների ներկայացրած փաստաթղթերի փաթեթի մեջ ներառված են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, այդ թվում նաև հայեցակարգերը. «Այլ խնդիր է, որ մեկը որոշել է մինչ այդ հանրայնացնել իր ծրագիրը»,-ասաց նա:
Հասմիկ Պողոսյանը հորդորեց այս հարցում լինել մի քիչ զգույշ ու հանգիստ, քանի որ առաջին անգամն է, որ ընտրվում է և ոչ թե նշանակվում Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն:
Tags: Ազգային ժողով, Հասմիկ Պողոսյան, Շուշան Պետրոսյան, օպերայի և բ, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն
