Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկեց ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գործով դատական նիստը: Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում է խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով քաղաքացի Հ. Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցուցաբերելու համար Հ. Զաքարյանից 2000 ԱՄՆ դոլար հափշտակելու համար:
Դատարանի դահլիճում ազատամարտիկը հայտարարեց, որ իր ձերբակալությունը համարում է քաղաքական հետապնդում:
«Երբ ես ազատամարտիկների սոցիալական խնդիրները բարձրաձայնեցի, ինձ ծանոթ իշխանության կոնկրետ ներկայացուցիչներ առաջարկեցին նստացույցը դադարեցնել, որից հետո առաջարկեցին գումար, կլորիկ գումար կամ բիզնես Էջմիածնում, որից ես հրաժարվեցի: Հետո մարզերում կազմակերպեցի նստացույցեր: Իմ ձերբակալությունը համարում եմ այդ ամենի հետևանք»,-ասաց Վոլոդյա Ավետիսյանը:
Վոլոդյա Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանը ինքնաբացարկ հայտնելու, ինչպես նաև իր մեղադրյալի նկատմամբ խափանման միջոցը փոխելու և դատարանի դահլիճից ազատ արձակելու միջնորդություն ներկայացրեց դատավորին: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ քննելու երկու միջնորդությունները:
Խորհրդակցական սենյակից վերադառնալով` դատավոր Լևոն Ավետիսյանը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը:
