Մարտի 25-26-ին «Պատասխանատու հանքարդյունաբերության կայացումը Հայաստանում. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագիրը կրող միջազգային համաժողովին ներկա գտնվեցին և քննարկում ծավալեցին Հայաստանում հանքարդյունաբերության հիմնահարցերով զբաղվող և մտահոգ տարբեր կողմեր՝ միջազգային և տեղական փորձագետներ, միջազգային դիվանագիտական կառույցներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
Համաժողովի նպատակն է հանքարդյունաբերության ժամանակակից և միջազգային լավագույն փորձի մասին շահագրգիռ խմբերին տեղեկացնելու միջոցով Հայաստանում այդ ոլորտի տարբեր շահակիցների միջև ձևավորել փոխվստահության մթնոլորտ և ծավալել երկխոսություն: Մասնակիցների գնահատմամբ համաժողովը պատասխանատու հանքարդյունաբերության համակարգման ուղղությամբ կարևոր քայլ էր, որն ունի շարունակական երկխոսության, օրենսդրական դաշտի բարելավման և բնապահպանական ու սոցիալական հարցերի լուծման հեռանկար:
Երկօրյա համաժողովի ընթացքում միջազգային փորձագետները, ՀՀ Կառավարության ներկայացուցիչները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, բնապահպանական ոլորտի փորձագետները իրենց գործընկերներին ներկայացրեցին մասնագիտական փորձառությունը և հանքարդյունաբերության ոլորտի կարգավորման, թափանցիկության և հաշվետվողականության ապահովման հնարավորությունները: Գերմանիայի, ԱՄՆ-ի, Կանադայի փորձագետները հանգամանորեն անդրադարձան իրենց երկրներում ընդերքի ռեսուրսների օգտագործման փորձին, օրենսդրական դաշտի կառավարման և բնապահպանական կայունության ապահովման մեխանիզմներին:
Քննարկումների ընթացքում ներկայացվեցին համալիր հարցեր՝ հանքարդյունաբերության տնտեսական, չափորոշիչների, օրենսդրական դաշտի կառավարման առաջնահերթությունները և չեզոքության դաշտում հետագա քննարկումներ զարգացնելու հեռանկարները:
Հանքարդյունաբերության և բնապահպանական հարցերով փորձագետները համաժողովի ամբիոնից հնչեցրին իրենց դիրքորոշումը վերհանված հիմնահարցերի վերաբերյալ՝ կարևորելով հանքարդյունաբերության ոլորտում ոչ միայն օրեսնդրական, այլև իրավունքների վրա հիմնված մոտեցումերի մշակումը:
Առաջարկներ հնչեցին սկսված համակողմանի քննարկումը շարունակել առավել նպատակաուղղված երկխոսության հարթակի ձևաչափով՝ Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտում հավասարակշռված և երկարաժամկետ լուծումներ գտնելու նպատակով:
Համաժողովը կազմակերպվել և իրականացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության և Համաշխարհային բանկի համատեղ ջանքերով: Համաժողովի աջակիցներն են Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (EBRD), Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC), ԱՄՆ դեսպանությունը, Երևանում Բրիտանական դեսպանությունը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունը Երևանում և Կանադայի կառավարությունը:
Tags: Հայաստան, հանքարդյունաբերության կայացում