ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է ստեղծել արագաչափերի տուգանքների իրավաչափությունն ուսումնասիրող աշխատանքային խումբ

տիգրան սարգսյանԱյսօր կայացած նիստից մեկնարկից առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդես է եկել ելույթով: Այն ներկայացնում ենք ամբողջությամբ.

-Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Այսօրվա նիստը ցանկանում եմ սկսել մի հանձնարարականով: Խնդիրն այսօր գտնվում է հանրության ուշադրության կենտրոնում և շատ հաճախ դժգոհությունների համար լուրջ դրդապատճառ է հանդիսանում. խոսքը ճանապարհային երթևեկության կանոնների համար կիրառվող տուգանքների մասին է: Որքանո՞վ են այդ տուգանքներն արդարացի, համաչափ են արդյոք մեր օրենսդրությանը նկարագրված դեպքերը, երբ մենք կիրառում ենք տուգանքներ, օրենսդրության մեջ ունե՞նք բացեր, ինչպիսի՞ն է միջազգային պրակտիկան և միջազգային պրակտիկայից կարո՞ղ ենք մեզ համար ընտրել այնպիսի մեխանիզմներ, որպեսզի մեր քաղաքացիները նույնպես ընդունեն, որ օրենսդրությունը և տուգանքների չափերը, որ կիրառվում են Հայաստանի Հանրապետությունում, արդար են: Այս հարցերի պատասխանները հանրությանը ներկայացնելու համար հանձնարարում եմ պարոն Գաբրիելյանին՝ պատրաստել վարչապետի որոշման տեքստ, և մենք ստեղծենք աշխատանքային խումբ՝ արդարադատության նախարարության գլխավորությամբ, ներառելով այդ աշխատանքային խմբում բոլոր շահագրգիռ մարմիններին, այդ թվում նաև հասարակական կազմակերպություններին, այն մարմիններին, որոնք ունեն ակտուարական հաշվարկներ իրականացնելու հնարավորություն, որպեսզի մենք վիճակագրություն ներկայացնենք հանրությանը, թե հաճախակի խախտումները որոնք են, այդ խախտումների քանակը, տուգանքների չափը և արդյունքների մասին զեկուցենք նաև հանրությանը, ինչպես նաև ներկայացնենք օրենսդրական առաջարկություններ: Պարոն Թովմասյան, Ձեր կարծիքով որքան ժամանակ է անհրաժեշտ այս հարցերի պատասխանները ստանալու համար:

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյան - Պարոն վարչապետ, կարծում եմ 1-2 ամիսը բավարար կլինի, որպեսզի ընդհանուր առմամբ պատկերացում ունենանք, թե ինչ ուղղությամբ ենք գնալու: Եթե օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն լինի, ևս մեկ ամիս: Այսինքն` 2-2,5 ամսվա ընթացքում կարծում եմ բոլոր հարցերի պատասխանները կունենանք, որպեսզի շատ ավելի հիմնավոր և համապարփակ լուծումներ ունենանք, այլ ոչ թե տեղային, 1-2 խնդրով բավարարվենք:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Շատ լավ, այդ դեպքում պարոն Գաբրիելյանի հետ պատրաստեք որոշման նախագիծ, այդ թվում ներկայացրեք այն կազմակերպությունների ցանկը, որոնք ձեր կարծիքով ճիշտ կլինի ներգրավենք խմբի մեջ:

Tags: ,