Փողն այլ ֆունկցիոնալ նշանակություն ևս ունի՝ բացի ընտրություններ կեղծելուց. Նաիրա Զոհրաբյանը՝ ՀՀԿ անդամներին

Նաիրա ԶոհրաբյանԱյսօր Ազգային ժողովում «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին»  օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ Կառավարությանը առաջարկի մասին իր ելույթում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը շեղվեց բուն թեմայից և, դիմելով ՀՀԿ-ին՝ ի դեմս Արմեն Աշոտյանի, ասաց. «Ես հասկանում եմ, որ տվյալ քաղաքական ուժի համար լկտիությունը տաքարյունության հոմանիշն է, ցինզմը և դատարկաբանությունը՝ ինտելեկտի հոմանիշը, ակնհայտ տափակախոսությունը՝ կրեատիվ լինելու հոմանիշը: Ինտելեկտին պարբերաբար հղումներ անելուց առաջ ճիշտ կանեք  գոնե աշխատեք, որ ձեր և այլ կարկառուն ներկայացուցիչ օգտատերերի ֆեյսբուքյան ճախրանքներում խայտառակ ուղղագրական սխալներ չլինեն: Ես չեմ պնդում, որ դա պարզ տառաճանաչության ու գրագիտության պակաս է, բայց հակառակ վարկածը հերքել չեմ կարող: Էլ չեմ խոսում որոշ կարկառուն օգտատերերի երբեմն-երբեմն արված օտարալեզու պասաժների մասին, որտեղ, օրինակ` երեք բառից բաղկացած պարզ համադասական նախադասության մեջ բառերի բոլոր տառերը կարող են գրվել սխալ: Սովորելը երբեք ուշ ու ամոթ չէ, ուսուցիչներ վարձեք, փողը այլ ֆունկցիոնալ նշանակություն ևս ունի՝ բացի ընտրություններ կեղծելուց: Դատելով  որոշ դեպքերի խիստ կլինիկական պրոգրեսից`  նրա դեմ պատվաստումը առ այս պահը, ցավոք,  դեռևս գտնված չէ, առողջ եղեք՛՛:

Tags: