Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը նախնական կալանքից պետք է ազատվի, ոչ թե քննիչները պետք է հայտարարեն նախաքննության ավարտի և շուտով գործը դատարան ուղարկելու մասին:
«Շանթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որը սակայն անհիմն մեղադրանք է: Բացակայում է հանցակազմը, նրան կալանավորել են այն բանի համար, որ նստացույց անելիս իր խնդիրներն է բարձրաձայնել և հայտնել սադրիչների մասին: Մեղադրանքից երևում է, որ տուժող կողմը եղել է քաղաքացիական հագուստով, իսկ Շանթ Հարությունյանը չէր կարող իմանալ, որ այդ մարդը ոստիկան է: Նրան տեղափոխեցին հոգեբուժարան` այնտեղ պահելով 20 օր և շատ լավ իմանալով, որ հոգեպես առողջ է»:
Շանթ Հարությունյանի հետ կալանավորված Միսակ Առաքելյանի փաստաբան Հովհաննես Քոչարյանի կարծիքով` նախաքննական մարմինն անհիմն մեղադրանք է առաջադրել իր պաշտպանին: Միսակ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել պայթուցիկ նյութեր օգտագործելու համար, սակայն ապացույց չկա, որ այդ նյութերը ռազմամթերք են: Բացի դրանից, նախաքննական մարմինը ազատ չէ: Տուժողները ոստիկաններն են, իսկ նախաքննությունն իրականացնում է ոստիկանությունը: Հետևաբար, արդար և ազատ նախաքննության մասին խոսք լինել չի կարող»,- ասաց Հովհաննես Քոչարյանը` հավելելով, որ դատարանն ինքն էլ չգիտի, թե ինչու է արդեն հինգ ամիս երկարաձգում նախնական կալանքը:
«Առաջին դեպքում Միսակ Առաքելյանի կալանքը երկարաձգելու որոշում կայացվեց այն պատճառաբանությամբ, թե բացակայում է Շանթ Հարությունյանի դատահոգեբուժական փորձաքննությունը: Երկրորդ դեպքում ասացին, որ գործը պետք է ուղարկել դատարան: Բայց մի՞թե գրավով ազատելու դեպքում գործը դատարան չէր գնալու»,- ընդգծեց փաստաբանը:
Փաստաբանները համոզված են, որ Շանթ Հարությունյանի և նրա 13 ընկերների նկատմամբ կատարվում է քաղաքական հետապնդում:
Tags: Շանթ Հարությունյան