Որոշումը միտված է սահմանամերձ բնակավայրերի պաշտպանունակության բարձրացմանը

կառավարությունԱյսօրվա նիստում ՀՀ կառավարությունը որոշել է Պաշտպանության նախարարության կողմից ներկայացված մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և 2009-2013թթ. ընթացքում հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող սահմանամերձ համայնքների վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողատարածքների 2014թ. համար հաշվարկված՝ վճարման ենթակա հողի հարկի տարեկան գումարը հարկ վճարող ֆիզիկական և իրավաբանական անձանց անունից, նրանց փոխարեն համապատասխան համայնքի բյուջե վճարելու նպատակով Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին հատկացնել մոտ 66 մլն դրամ:
Ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքում ընդգրկված սահմանամերձ համայնքներում օգտագործվող ոռոգման ջրի դիմաց ֆիզիկական և իրավաբանական անձանցից գանձվող վարձավճարների նկատմամբ 2014թ. համար 50 տոկոս զեղչ կիրառելու նպատակով նույն որոշմամբ հատկացվել է ավելի քան 23 մլն դրամ:
Եվս մոտ 18 մլն դրամ է հատկացվել «Մեղրի» ջրօգտագործողների ընկերության սպասարկման տարածքում օգտագործվող ոռոգման ջրի դիմաց ֆիզիկական և իրավաբանական անձանցից գանձվող վարձավճարների նկատմամբ 2014թ. համար 50 տոկոս զեղչ կիրառելու նպատակով:
ՀՀ կառավարության՝ տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է սահմանամերձ տարածաշրջանների պաշտպանունակության ամրապնդմանը և դրանց սոցիալ-տնտեսական զարգացմանը:
Գործադիրի որոշմամբ Երևանի վարչական սահմանում գտնվող 3 հեկտար անտառային հողը անհատույց օգտագործման իրավունքով անժամկետ տրամադրվել է «Հայաստանի ազգային սկաուտական շարժում» հասարակական կազմակերպությանը, որը մանկապատանեկան, երիտասարդական, կամավորական, արտադպրոցական, ապաքաղաքական և ապառազմական կազմակերպություն է և նպատակ ունի դաստիարակել պատասխանատու, գիտակից, հասարակայնորեն ակտիվ, հոգեպես ամուր, հայրենասեր երիտասարդ սերունդ: Վերջին տարիներին ՀԿ-ին են տրամադրվել մեկ հանգստյան տուն, խաղահրապարակ կառուցելու հողամաս, որտեղ կազմակերպությունն իրականացրել է շինարարական աշխատանքներ, ստեղծել 600 անձի հաշվարկով միջոցառումներ անցկացնելու հնարավորություն: «Մենք պետք է մեր գոհունակությունը հայտնենք այս կազմակերպությանը՝ նախկինում կատարած աշխատանքի համար, – ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: – Ուսումնասիրելով նրանց փորձը, այցելելով այդ ճամբարներ, տեսնում ենք, որ շատ ազգանվեր գործ են անում, ուստի վստահ ենք, որ այս որոշումը ճիշտ է»: Նոր հողատարածքի տրամադրմամբ ՀԿ-ն առավել արդյունավետ կկազմակերպի իր գործունեությունը:

Tags: