Անդրադառնալով «Հրապարակ» օրաթերթից` 2014 թվականի մարտի 21-ին ստացված զանգին, ըստ որի, իբր, նախարարությանը սպորտդպրոցներից ամսական գումարներ են փոխանցվում (որը նախարարության կողմից պաշտոնապես հերքվել և հերքվում է) և հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախարար Յուրի Վարդանյանն այդ օրերին գտնվում էր հանրապետությունից դուրս ու նոր է ծանոթանում լրատվամիջոցներում հրապարակված հոդվածներին, ցանկանում ենք հայտնել նախարարի կարծիքը նմանատիպ հարցերի վերաբերյալ:
Յուրի Վարդանյան. «Հարգելի՛ լրագրողներ, եթե ձեզ ահազանգում են, կամ որևէ տեղ լսում կամ տեղեկանում եք դրամահավաքի, կաշառքի կամ նմանատիպ այլ դեպքերի մասին՝ կապված ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և նրա ենթակայությամբ գործող կառույցների հետ, իմ հորդորն է՝ անցկացրե՛ք լրագրողական հետաքննություն, դիմե՛ք իրավապահ մարմիններին, ինքներդ հետևողական եղե՛ք բացահայտելու և պարզաբանելու ցանկացած անօրինություն: Եթե ունեք «աղբյուր», ճշտե՛ք, արդյոք ձեր «աղբյուրը» ձեզ և մեզ չի ցանկանում գցել թյուրիմացության մեջ, թույլ մի՛ տվեք, որ այդ «աղբյուրները» փորձեն վարկաբեկել մարդկանց ձեր միջոցով: Մի՛ շտապեք թղթին հանձնել ամեն կեղծիք՝ թեկուզ հերքված»:
Նախարարությունն էլ իր հերթին պատրաստ է աջակցել և համագործակցել ցանկացած լրատվամիջոցի հետ՝ հանրությանը հավաստի տեղեկություններ տրամադրելու գործում:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության
աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ
կապերի բաժնի պետ Անուշ Չիթչյան
Tags: լրատվամիջոցներ, Յուրի Վարդանյան