«Օր օրի մասնագետներից շատերի մոտ երկիրը լքելու և արտերկրում աշխատանք գտնելու մտադրությունն ավելանում է». սրտաբան

շահենՍրտաբանությունն այն հազվադեպ բնագավառներից է Հայաստանում, որը միշտ առաջնակարգ դիրքերում է հարևան երկրների համեմատ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց «Քանկոր» սրտանոթային բուժկենտրոնի ղեկավար, սրտաբան Շահեն Խաչատրյանը: Սրտաբանը ցավով նշեց, որ օր օրի մասնագետներից շատերի մոտ երկիրը լքելու և արտերկրում աշխատանք գտնելու մտադրություններն ավելանում են:

«Հայաստանում լավ սրտաբանական դպրոց կա, և այդ դպրոցի ներկայացուցիչները ճանաչված մասնագետներ են: Ցավով եմ նշում, բայց բժշկությամբ զբաղվելը Հայաստանում եկամտաբեր աշխատանք չէ»,- ասաց Շահեն Խաչատրյանը: Նրա խոսքով` այն գումարները, որոնք վճարվում են վիրահատության դիմաց, չեն բավարարում վիրահատություններ անցկացնելու համար, քանի որ վիրահատության համար անհրաժեշտ բոլոր գործիքները և նյութերը ներկրվում են արտերկրից, այն էլ՝ եվրոպական լավագույն երկրներից, ինչը բավական թանկ է:

«Մենք նյութերի վրա ենք գումարը ծախսում: Սակայն Միացյալ Նահանգներում նույն թելերով, նույն գործիքներով վիրահատության գինը տատանվում է 50.000-60.000 դոլարի սահմաններում, իսկ Հայաստանում վիրահատությունը 5000 դոլար է: Մեզ մոտ վիրահատության 95 տոկոսը ինքնարժեքն է՝ վիրահատության ծախսը, ընդամենը 5 տոկոսից էլ աշխատավարձ ենք տալիս: Այդ է պատճառը, որ մեր բժիշկներն ու քույրերը լավ չեն ապրում, իսկ բժիշկների շրջանում մեծանում է արտագաղթի միտումը»,- ասաց Շահեն Խաչատրյանը:

Անդրադառնալով պետպատվերով վիրահատվող հիվանդներիցն` բանախոսը նշեց, որ  նրանց համար տրված գումարը նույնպես չի բավարարում վիրահատությունն իրականացնելու համար:

«Ինչպե՞ս կարող է բժիշկը մտնել վիրահատարան, վիրահատել հիվանդին՝ չիմանալով կփրկի՞ նրան, թե՞ ոչ և կստանա՞ դրա դիմաց գումար, թե՞ ոչ: Այնպես է ստացվել, որ կոռուպցիոն դաշտի կենտրոնում հայտնվել են հենց բժիշկներ»,- ասաց Շահեն Խաչատրյանը` վստահաբար ասելով, որ Հայաստանում բժշկությամբ զբաղվելը ոչ եկամտաբեր բնագավառ է:

Սրտաբանի խոսքով` այս ամենի մեջ մի դրական բան կա. սրտաբանական ծառայությունների և սրտաբանների որակը Հայաստանում բավականին բարձր է: Եթե 90-ականների սկզբներին Հայաստանում սիրտ-անոթային հիվանդություններից մահանում էին 64-65 տարեկանում, ապա այսօր՝ 70-72»: Այս փաստը սրտաբանը պայմանավորում է բժշկության որակի բարձրացմամբ: Հայաստանում արդեն մոտ 30.000 մարդ է վիրահատվել, որոնցից շատերը պետք է մահացած լինեին, սակայն ապրում են վիրահատությունների շնորհիվ:

 

Tags: