Հայաստանում անպատասխանատու հանքարդյունաբերության հետևանքներին բավական իրազեկ են պատկան մարմիններն ու համապատասխան ղեկավարները: Բոլորն էլ տեղեկացված են, քանի որ մի քանի գիտական աշխատություններ կան` նվիրված Դեբեդ գետի, Ախթալայի հանքավայրի ուսումնասիրություններին, հայտնի է, թե ինչպիսի նյութեր են այնտեղ հայտնաբերված` մանգան, պղինձ, ցինկ, և սահմանային թույլատրելի նորմերից որքան բարձր են: Այսօր լրագրողերի հետ հանդիպման ժամանակ ասաց բնապահպան, Էկոլոգիական հասարակական դաշինքի անդամ Սիլվա Ադամյանը:
«Բնապահպանության նախարարությունը եկել է հանդիպման, ու նախարարության ներկայացուցիչը տեղյակ չէ ոչ մի խնդրից: Միայն անտարբեր, տգետ, անգրագետ մարդը կարող է նման վերաբերմունք ցուցաբերել հայրենիքի հանդեպ: Հանքարդյունահանման համար դրսից եկած բիզնեսմենները պարզ է, որ այստեղ փորձում են շահույթ հետապնդել: Ես բնապահպանության նախարարին էլ եմ ասել, որ ամեն ինչ է, բացի Բնապահպանության նախարարից, որովհետև դուք չեք հասկանում` բնապահպանությունն ինչ է,- ասաց Սիլվա Ադամյանը:
Ըստ բնապահպանի` փաստացի չի աշխատում նաև բնապահպանական տեսչությունը, ոչ մի տեսուչ պատրաստ չէ հակամարտության մեջ մտնել հանքի տիրոջ հետ, գալիս են լուռ, հանցավոր համաձայնության:
«Չգիտեմ, թե պետությունն ու կառավարությունը, երկրի նախագահը ի՞նչ պետք է անեն, ինչ լծակներ պետք է օգտագործեն այս իրավիճակը շտկելու համար, այլապես մեր բոլոր ելույթներն ու նախաձեռնություններն իզուր կանցնեն»,- ասաց Սիլվա Ադամյանը:
Պատասխանատու հանքարդյունաբերությունը, թեև գիտականորեն կարելի է հիմնավորել, բայց Սիլվա Ադամյանի հավաստմամբ, Հայաստանում այն իրականացնելու համար համապատասխան քայլեր չեն արվում:
«Ես կոչ եմ անում մեր բոլոր պատկան մարմիններին` լուրջ վերաբերվել այս խնդիրներին, սա առաջին կոչը չէ, երկրորդը չէ, անընդհատ նման կոչեր արվում են»,- ասաց բնապահպանը:
Tags: Սիլվա Ադամյան