Գյումրու քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի գլխավոր մասնագետն այսօր մարզային ոստիկանության պետի աջակցությունը հայցեց, քաղաքի 22 համարի երթուղին սպասարկող միկրոավտոբուսների պայմանագիրը լուծարելու գործում:
«Քաղաքապետի՝ թիվ 22 միկրոավտոբուսային երթուղու պայմանագիրը լուծելու մասին որոշումն ուղարկել ենք ձեզ: Որոշման հիմք է հանդիսացել «Սրընթաց ուղիներ» ՓԲԸ-ի կողմից կառավարության թիվ 762 որոշմամբ հաստատված կարգի խախտումները, մասնավորապես՝ 65 և 67 կետերը: Այսինքն, մրցույթով անցած մեքենաների քանակն այսօր 50 տոկոսով պակաս է պահանջվածից: Ուսումնասիրե՞լ եք արդյոք այն և կարելի՞ է ակնկալել մարզային ոստիկանության աջակցությունը՝ խնդիրը հարթ լուծելու նպատակով», – հարցրեց մասնագետը:
Ինչին ի պատասխան Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Վարդան Վադարյանը խոստացավ. «Համ ուսումնասիրել եմ, համ պատրաստակամ եմ. քաղաքապետի հետ քննարկել ենք հարցը: Գծերը, աշխատանքները սպասարկող ոլորտները, որոնք չեն համապատասխանում օրենքին, կառավարության որոշումներին, ազգաբնակչության պահանջներին և տեղի ինքնակառավարման մարմինների որոշումներին, մոտեցումներին հակառակ են գործում, միանշանակ, մենք պատրաստ ենք բոլոր այդ խնդիրներին՝ մեր գործառույթների սահմաններում, ապահովել կարգուկանոն, ձեռնամուխ լինել և խնդիրները լուծել: Դա խնդիր չէ, մեր համատեղ աշխատանքն է, որն անընդհատ լինելու է»:
Հավելենք, որ թիվ 22 համարը սպասարկող երթուղին պատկանում է Ղուկասյան ընտանիքին, իսկ բոլորովին վերջերս, նրանց ևս մեկ երթուղի՝ թիվ 20 համարը, նորից քաղաքապետի հրամանով դադարեցրեց իր գործունեությունը: Այս երկու երթուղիների համար կազմակերպվելու են նոր մրցույթներ և բերվելու են հարկային դաշտ. նշենք, որ այս երթուղիների համար Ղուկասյանները համայնքային բյուջեում վճարումներ չեն կատարել:
