Մարտի 24-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակիցներ Գարիկ Մարգարյանը, Արթուր Բաբլոյանը, Արման Խաչատրյանը, Արման Բաղդասարյանը, Դավիթ Ադամյանը և Նորայր Հայրապետյանը դատապարտվել են 12 տարի ազատազրկման: Պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է գնահատում դատարանում վճռի հրապարակման ժամանակ տեղի ունեցած միջադեպը` այսօր կառավարության նսիտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը պատասխանեց. «Հարսնաքար»-ի գործով դատական նիստի արձանագրությանը ծանոթանալուց հետո գնահատականներ կտրվեն` արդյոք մենք խոսում ենք քրեաիրավական դրսևորումների մասի՞ն, թե՞ ոչ»:
Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը նշեց, որ ադեկվատ է որակում «Հարսնաքար»-ի գործով ամբաստանյալների նկատմամբ սահմանված պատժաչափերը: Հարցին` արդյո՞ք քրեական դատավարության մասին նոր օրենսգրքով առաջարկվող նախաքննական ցուցմունքների դեպոնացման ինստիտուտը չի նպաստի նախաքննական մարմնի կողմից ճնշումների ավելացմանը, գլխավոր դատախազը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ այդ ինստիտուտի ներդրումը կարող է որևէ մեկի մոտ, հատկապես մասնագիտությամբ իրավաբանի, նման ընկալման հիմք հանդիսանալ: Նման բան չկա»:
Tags: Գևորգ Կոստանյան, Հարսնաքար