«ՄԱԿ-ը պարտավոր է ստեղծել պայմաններ, որպեսզի քեսաբահայությունը վերադառնա իր բնակավայր». նամակ ՄԱԿ-ին

ՀՅԴՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» երիտասարդական միության անդամները, սիրիահայերը և Երիտասարդ ուսանողների միության ներկայացուցիչները այսօր նամակ հանձնեցին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ` ի պաշտպանություն քեսաբահայության և ի դատապարտում Թուրքիայի ագրեսիայի: Ակցիայի մասնակիցների ձեռքին  «Թուրքիա դուրս արի Քեսաբից», «ՄԱԿ մի՜ լռիր» գրառումներով պաստառներ կային: ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչության ատենապետ Գերասիմ Վարդանյանը նշեց, որ Քեսաբ հայահոծ տարածքի վրա Թուրքիան երեք անգամ ոտնձգություն է կատարել՝ 1909, 1915 թվականներին և հիմա:

«Թուրքիայի այս երեք գործողությունները միտված են ոչնչացնելու Քեսաբի հայ բնակչությանը: Թուրքիան շարունակում է հայերի ցեղասպանությունը: Միջազգային հանրությունն իր կրավորական կեցվածքով, անտարբերությամբ, լռությամբ սատարում է Թուրքիայի հակահայ քաղաքականությանը, խրախուսում է Թուրքիային՝ շարունակելու ցեղասպանությունը: ՄԱԿ-ը պարտավոր է ստեղծել պայմաններ, որպեսզի քեսաբահայությունը վերադառնա իր բնակավայր»,- ասաց Գերասիմ Վարդանյանը՝ պահանջելով միջազգային հանրությունից համապատասխան գնահատական տալ, միջամտել և պահանջել Թուրքիայից՝ զերծ մնալ պատերազմի հրահրումից, հակահայկական գործողություններից: Ելույթով հանդես եկան նաև քեսաբահայ երիտասարդներ և շահագրգիռ այլ անձինք, որից հետո նակամը հանձնվեց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի պաշտոնյային:

Մարտի 21-ին թուրք-սիրիական սահմանի մերձակայքում և Լաթաքիայի հյուսիսում գտնվող հայկական Քեսաբ գյուղաքաղաքի վրա հարձակում է սկսվել Թուրքիայի սահմանի ութ կետերից: Տեղեկություններ են հաղորդվել, որ հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները: Գյուղաքաղաքում բնակիչներ գրեթե չեն մնացել, նրանք տեղափոխվել են առավել ապահով վայրեր: Հայերի մեծամասնությունը ապաստան է գտել Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքի մոտ գտնվող ազգային կառույցներում: Քեսաբի հայաթափությունը համախմբել է համայն աշխարհի հայության ջանքերը:

Tags: ,