Ամբողջ գիշեր հակառակորդը գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերը

սահմանամերձ գոտիՀյուսիսարևելյան սահմանի ուղղությամբ հակառակորդը մարտի 27-ի գիշերը դարձյալ կոպտորեն խախտել է հրադադարը: Գրեթե ամբողջ գիշեր հակառակորդը գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերը: Խոշոր տրամաչափի զինատեսակներով ադրբեջանական կողմը կրակ է բացել Տավուշի Այգեպար, Ներքին կարմիրաղբյուր և Մովսես գյուղերի ուղղությամբ: Ներքին կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանն Անկախի թղթակցին հայտնել է որ կրակահերթերն ուղեկցվել են որոշակի դադարներով, տևել են գրեթե մեկ ժամ: Համայնքի ղեկավարը առավոտ կանուխ շրջել է գյուղի տարածքում և նշել է, որ, բարեբախտաբար տուժածներ ու վնասներ չկան: Բարաբախտաբար, Այգեպարում ևս տուժածներ չկան: Այգեպարի գումարտակի հրամանատար Դավիթ Անիկյանի խոսքով, հակառակորդը կրակել է գիշերը ժամը 11:00-ից մինչև 2:00-ը: Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանն էլ տեղեկացրել է, որ հակառակորդը գիշերը կրակել է ամբողջ գյուղի ուղղությամբ:ՙՙՄեծ վնասներ չեն եղել, ցերեկը Չինարիի ուղղությամբ էին կրակել, գիշերը գնադացիրները շրջեցին մեզ վրա, նաև Այգեպարի ու Ներքին կարմիրի՚՚,-ասել է Արարատ Ավալյանը:  Գնդակները դիպել են գյուղի տներին` վնասելով պատերը, տանիքները:  սակայն գյուղապետը տեղեկացրեց, որ խուճապ ու տարհանման խնդիր չի եղել, դպրոցական դասերը չեն հետաձգվել: Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը Անկախի թղթակցի հետ զրւոյցում հաստատել է լուրը, որ, Չինարիում գիշերը խաղաղ է եղել: Կրակոցները լսվել են տարածաշրջանի բոլոր բնակավայրերում:   Մեր տեղեկություններով, հայկական կողմի պատասխանից հետո հակառակորդը լռել է:

Անկախ

Tags: , ,